Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նիստն սկսվեց մեկմեկու փոխարեն քվեարկելով

Քաղաքականություն
ab321682ba76e2ad38d1bbd1dc3b69c4

ԱԺ-ն այսօր Կառավարության առաջարկով սկսեց արտահերթ նիստը: Այս անգամ խորհրդարանը կքննարկի ոչ միայն գործադիրի առաջարկած նախագծերը, այլեւ Սերժ Սարգսյանի ներկայացրած մի շարք համաձայնագրեր:

Նշենք, որ այսօր ԱԺ-ն քվեարկելու է նաեւ «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոսի մեր բաժնեմասը ռուսական կողմին՝ մեր երկրի ունեցած պարտքի դիմաց վաճառելու, ինչպես նաեւ՝ ՀՀ մատակարարվող գազի սակագնի մասին, ՌԴ-ից ներկրվող ադամանդների եւ նավթամթերքների վրայից մաքսատուրքի հանման մասին համաձայնագրերը: ՍԴ-ն դրական եզրակացություն է տվել այս համաձայնագրերին՝ ընդգծելով, որ դրանք չեն հակասում մեր Սահմանադրությանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց արտահերթ նիստն առանց ընդմիջման անցկացնել մինչեւ ժամը 20:00-ն: Այս անգամ եւս քվեարկությունը չանցավ առանց ՀՀԿ պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելու: ՀՀԿ պատգամավոր Կարո Սարիբեկյանը քվեարկեց իր կողքի բացակա պատգամավորի փոխարեն:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց ոչ մի նախագիծ էլ չի բաժանվել եւ ստացվում է, որ իրենք քվեարկում են անորոշ նախագծերի համար: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ ԱԺ քարտուղարությունն ասում է, որ խորհրդարանի կայքում նախագծերը տեղադրված են, իսկ այժմ ընդամենը քվեարկում էին արտահերթ նիստն առանց ընդմիջման անցկացման մասին առաջարկը:

Այժմ ԱԺ-ն քննարկում է «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք Սերժ Սարգսյանի առաջարկով ետ է ուղարկվել լրամշակվելու համար: Նախագիծը ԱԺ-ում ներկայացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: