Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ֆուտբոլասերներին արտոնություն չի արվի

Սպորտ
be392b891a4a38c193195d7cfe12200b

Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը ոչ մի արտոնություն չի նախատեսել այն հայ ֆուտբոլասերների համար, որոնք կցանկանան 2014 թվականին ներկա լինել Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Այդ մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում տեղեկացրեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիսոն Մարինո Դուարտե Մոնտեյրոն. «Դեսպանատուն դիմող ֆուտբոլասերը տոմսի եւ հյուրանոցի ամրագրումից բացի, պետք է ներկայացնի տեղեկանք աշխատավայրից, որ ինքն աշխատում է եւ ունի եկամուտ»:

«Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե աշխարհի առաջնության կազմակերպիչների համար ներկայումս ի՞նչն է համարվում գլխավոր հիմնախնդիրը, 66-ամյա դեսպանն ասաց. «Մանաուսի եւ Կորինտիանսի մարզադաշտերում տեղի ունեցած դժբախտ պատահարների պատճառով շինարարական աշխատանքները դրանցում ժամանակավոր դադարեցվել են: Կարծում եմ, որ մենք մինչեւ 2014 թվականի հունիսը կհասցնենք ավարտին հասցնել բոլոր աշխատանքները, եւ մարզադաշտերը պատրաստ կլինեն աշխարհի առաջնությանը»:

Էդիսոն Մարինո Դուարտե Մոնտեյրոն դեռ չի որոշել, թե որտեղ է դիտելու գալիք աշխարհի առաջնությունը. «Մենք՝ բրազիլացիներս, շատ տաքարյուն ենք դառնում, երբ խոսքը վերաբերում է ֆուտբոլին: Հնարավոր է աշխարհի առաջնությանն ամբողջովին հետեւեմ Հայաստանում, սակայն չի բացառվում, որ վերջին պահին մտքափոխվեմ եւ մեկնեմ Բրազիլիա»: