«Արմեն Մովսիսյանը Կալաբոկի հեքիաթն է պատմում»
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը միակողմանի դիկտատ է համարում «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասների վաճառքը ռուսական «Գազպրոմ»-ին՝ ՀՀ երեք տարում կուտակած 300 մլն դոլար պարտքի դիմաց:
Իր խոսքը սկսելով՝ նա նշեց, որ միտումնավոր հարցեր չի ուղղել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, քանի որ նա երբեւէ ըստ էության չի պատասխանում. «Դուք ամեն անգամ Կալաբոկի հեքիաթն եք սկսում պատմել: Հենց հերթը հասնում է իրանական գազին, ասում եք, ասում եք, ասում եք, բանակցություններ եք իբր անում, մինչդեռ Իրանի դեսպանը ասուլիսներ է տալիս ու մարդն ինչ-որ բաներ է ասում... Լավ, այդ ամենը թողնում ենք հիմա ձեր ու նրա խղճին»:
Պարոն Արզումանյանը նախընտրեց խոսել բաժնետոմսերի առքուվաճառքի մասին՝ քաղաքական տեսանկյունից. «Ես դեռեւս չեմ հանդիպել նման համաձայնագիր, սա հակասում է մեր Սահմանադրությանը բազմաթիվ կետերով, սա կապիտուլյացիայի մասին ակտ կարելի է համարել, քանի որ այն միայն ձեռնտու է ռուսական կողմին»:
Նա անընդունելի է համարում, որ հայկական կողմը մինչեւ 2043թ. պարտավորություններ է վերցրել՝ վաճառելով 20 տոկոս բաժնեմասը, սակայն գազի գնի անփոփոխությունը երաշխավորված է մինչեւ 2018թ. «Այս համաձայնագրով ամրագրված է, որ հայկական կողմը որեւէ օրենք չի կարող ընդունել կամ փոփոխել՝ անգամ, եթե իշխանափոխություն լինի: Սա չլսված բան է, սա մեկը կարդացե՞լ է, թե՞ միայն թարգմանիչն է կարդացել ու ռուսերենից թարգմանել, բերել ձեզ տվել, որ 30 տարի որեւէ օրենք չի ընդունվելու: Դուք վստա՞հ եք, որ այդքան ժամանակ որեւիցե մեկից էլ գազ չենք գնելու: Դուք ո՞նց կարող եք նման սահմանափակումներ դնել, ամոթ է, ՍԴ-ն կարելի է լուծարել, եթե նա դրական եզարակցություն տա նման համաձայնագրի»:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր խոսքում դիտարկում արեց՝ նշելով, որ գազի գնի բանակցությունները, իրոք, մի փոքր ավելի թափանցիկ պետք է արվեին, այլ ոչ թե այդքան փակ: