Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրբաթ 13-ը՝ հայերի համար

Հասարակություն
acab710d09fb5db396e48d229e9ed88a

Այսօր դեկտեմբերի 13-ն է: Օրը ուրբաթ: Գուցե ձեզ համար սա ոչինչ չի նշանակում, բայց այսօր 20 միլիոն սնահավատ ամերիկացի տնից դուրս չի գա: Ի տարբերություն ամերիկացիների, հայերն այսօր տնից դուրս են եկել, անգամ Սուրբ Հովհաննես եկեղեցում պսակադրություն և մկրտություն է գրանցվել:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքով` ուրբաթ 13-ը պարզապես սնահավատություն է. «Եկեղեցին, քրիստոնյա աշխարհը նման բարդույթներ չունի: Պետք չէ ավտոբուսից ուշանալը, ոտքը քարին դիպչելը, տրանսպորտից ուշանալը կապել թվերի հետ: Պետք չէ վախենալ թվերից, պարզապես ապրեք Աստծո ներկայությունը ձեր մեջ պահելով, որպեսզի սատանան ձեզ չգայթակղի և չշեղի», - վստահեցնում է Տեր Շմավոնը:
ՈՒրբաթ 13-ը վատ օր չի համարում Մերի Ղազարյանը: Վստահեցնում է` լավ օր է ունեցել, նույնիսկ ընկնելուց է փրկվել. «Քիչ մնաց սառույցի վրա ընկնեի, բայց չընկա, նշանակում է՝ ուրբաթ 13-ը լավ օր է», - ասում է Մերին:

Աստղաբան Էլյա Հովհաննիսյանն ուրբաթ 13-ը նույնպես սնահավատություն է համարում: Նրա խոսքով` 13 թիվը հրեաների մոտ ներկայացված է որպես մահ, հետևաբար տագնապ է առաջացնում, բայց իզուր: «Ոչ մի վատ բան չի լինի, եթե մարդ ինքը վատ բան չմտածի, լավ կամ վատ բան կարող է տեղի ունենալ ցանկացած այլ օր», - նշեց աստղաբանը:

Հիշեցնենք, որ Ուրբաթ 13-ը վատ օր է համարվում միջնադարյան տամպլիերների ջարդի պատճառով: Լեգենդի համաձայն` 1307 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-ը հրամայում է ձերբակալել տաճարականների միաբանության անդամներին: Նրանց աճող ազդեցությունն ու հարստությունը Վատիկանը դիտում էր որպես սպառնալիք:

Այս նախապաշարմունքի պատճառով է, որ Ամերիկայում երբեք գոյություն չի ունեցել F-13 կործանիչը։ «Ֆորմուլա-1» ժամանակակից ավտոարշավներում չկան 13 թվով մեքենաներ, 12-ին անմիջապես հաջորդում է 14-ը։ Բացի այդ, ամերիկյան երկնաքերներից շատերը չունեն 13-րդ հարկ, հիվանդանոցներում չկա թիվ 13 հիվանդասենյակ, շատ ամերիկյան ավիաընկերությունների չվացուցակից հանված է 13 թիվը: