Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը մեկնաբանում է

Քաղաքականություն
e18bf58dda285f7796bf1fc1db07c850

Բանակում կան բացթողումներ, որոնք շատ հաճախ հասարակությունն ինքն է բացահայտում ու թելադրում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով, որ զինված ուժերի ղեկավարությունն այսօր որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որպեսզի հասարակության առաջ բաց լինեն. «Դա բարոյական նորմերն են մանավանդ այն իրականության մեջ, որ ունենք»:

Նախարարն անդրադարձավ նաեւ դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության փաստին: Այս գործով հարուցվել է քրեական գործ, եւ կա մեկ ձերբակալված:

Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք չեն ասում, որ տեղի է ունեցել կոնկրետ ինքնասպանություն. «Մենք զինծառայողին գտել ենք սպանված վիճակում, իհարկե, վարկածներից մեկը ինքնասպանությունն է: Եթե ժամանակին զեկուցվեր միջանձնային ստեղծված իրավիճակի մասին, ժամանակին տեղեկացվեր նրա ընկերների կողմից հրամանատարներին, իսկ հրամանատարների կողմից՝ նաեւ մեզ, ինչպես նաեւ՝այդ դեպքից առաջ այդ զինծառայողը նաեւ զանգել էր իր ծնողին, եւ եթե ծնողն էլ ժամանակին մեզ տեղեկացներ, մենք, իհարկե, կարող էինք կանխարգելել»:

Նա նաեւ ընդգծեց, որ դեռ վաղ է խոսել հրամանատարական կազմում հնարավոր ձերբակալությունների մասին. «Գլխավոր շտաբի պետի ցուցման համաձայն` ստեղծված ծառայողական քննությունը շարունակվում է: Երբ հանձնաժողովի նախագահը զեկուցի, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Իհարկե, տույժեր շատ խիստ կլինեն, պաշտոնանկություններ կլինեն, գոնե այդ ստորաբաժանման ղեկավարությունը պաշտոնից կազատվի, քանի որ գոնե իրենք պարտավոր էին իմանալ: Ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք եւս պետք է իրենք համապատասխան աշխատանքը կատարեին, իրենք տույժը եւս կստանան»:

Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանի գործին, ապա նախարարը տեղեկացրեց, որ իրենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի արդյունք ունենան. «Ցավոք, մեր հարեւանների հետ պետական կապի բացակայությունը բերում է նրան, որ արագ արդյունքի չենք կարող հասնել, սակայն մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Հակոբը վերադառնա ու, ինչպես ես խոսք էի տվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում չի լինի»:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ աշնանային զորակոչին եւ նորամուծությանը՝ վիճակահանությանը: Նա նշեց, որ ստեղծված են չորս տուփեր, որոնք իրենց մեջ ներառում են կրթական, մասնագիտական, ֆիզիկական ունակություններն ու առողջական վիճակը, ապա՝ սոցիալական արտոնությունները. «Վիճակահանության արդյունքում անձինք համապատասխան տուփերից ընտրում են ծառայության վայրը:

Այս սկզբունքը, որ ընտրել ենք այս զորակոչի համար, հասարակության համար գոհացուցիչ է, քանի որի ծնողն ինքը եւս մասնակցում է վիճակահանությանը եւ տեսնում՝ իր երեխան որտեղ է ընտրել եւ ուր է գնալու ծառայության: Ես նաեւ պետք է խնդրեմ հասարակությանը, որ այլ ելքեր չփնտրեն՝ հարցեր լուծելու, ծանոթ-բարեկամներ գտնելու, որոնք հիմնականում բանակի ղեկավարությունում են, քանի որ նրանք արդարացիորեն են իրականացնելու զորակոչը.»:

Նախարար Օհանյանը վստահեցրեց, որ զորակոչային ռեսուրսի նվազում երկու տարի առաջ իրականացված զորակոչի համեմատությամբ չկա. «Սա հիմնականում արդյունք է նրա, որ մենք բավականին խստացրել ենք բոլոր հանձնաժողովների աշխատանքները, ընդգրկել ենք զորակոչի իրականացման բոլոր փուլերում համապատասխան աշխատակիցներ, որոնք օպերատիվ հետախուզական վերահսկիչ աշխատանքներ են իրականացնում եւ ապահովում արդարություն»: