Պայքար փողոցային բարքերի դեմ
ԱԺ-ում այսօր «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով Խորհրդարանական լսումներ էին, որին ներկա էին ինչպես պատգամավորներ, այնպես էլ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իրավապաշտպաններ:
Իրավապաշտպան Արման Դանիելյանը նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում բանակը քրեական բարքերից ազատելու ուղղությամբ:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հայկական ազգային բանակն իր ձեւավորման վերջնական փուլում է, եւ այն իր գործունեության ընթացքում որդեգրել է քաղաքականություն՝ զարգացնել իր ռազմական, ինչպես նաեւ՝ մարդկային գործոնների զարգացման կոմպոնենտները. «Հենց դրա շնորհիվ է, որ մենք ունեցել ենք փոխադարձ վստահություն ու աջակցություն, առանց որոնց պատերազմում հնարավոր չէր հասնել հաջողության:
Բանակի առողջ մթնոլորտի վրա բացասական են ազդում հասարակությունից թափանցած փողոցային բարքերը: Մենք պետք է հիշենք՝ բանակը մեր տունն է, մեր ամրոցը ու միասնական պայքար պետք է մղենք փողոցային բարքերի դեմ»:
Ըստ նախարարի՝ այս խնդիրը նաեւ ուսուցիչների ու իրավապահների ուշադրության կենտրոնում պետք է լինի ու նաեւ նրանց միջոցով հնարավոր կլինի հաղթահարել այն. «Մենք այսպիսով նաեւ մեր պատասխանատվությունն ենք բարձրացնում հրամանատարական կազմում, մենք ավելի անհաշտ պայքար ենք մղելու զինված ուժերում փողոցային բարքերի դեմ, եւ դա պետք է լինի փոխշահավետ՝ հասարակությանը մենք պետք է վերադարձնենք ավելի պիտանի անձնավորություններ:
Չպետք է մոռանալ, որ միջանձնային հարաբերություններում եղած խնդիրների արդյունքում է, որ մենք հաճախ ունենում ենք հանցագործություններ»: