Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հակասո՞ւմ է ինքն իրեն

Քաղաքականություն
f7522352c3e74d68bcfc7b52d7b23267

Աշխարհում կենսաթոշակային ճգնաժամը համարվում է ամենաբարդագույն խնդիրներից մեկը: Այսօր ԱԺ-ում մինչեւ 2014թ. պետական բյուջեի քվեարկությունն իր իսկ հրավիրած արտահերթ նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ եւս մեկ անգամ անդրադառնալով բյուջեի՝ ամենախնդրահարույց հատվածին՝ «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ»-ին:

Նշենք, որ այս հարցը քաղաքացիական նախաձեռնությունների բողոքի առիթ է հանդիսացել, որոնք պահանջում էին օրենքից հանել պարտադիր բաղադրիչը։

Ըստ վարչապետի՝ այս խնդիրը ծանրանում է հիմնականում այն երկրներում, որտեղ բնակչության ծերացման միտումներ կան. «Այն կենսաթոշակային բարեփոխումը, որ ներկայացնում ենք, այլընտրանք չունի: Մենք անցնում ենք արդար համակարգի, քանի որ հաշվի է առնվում քաղաքացու անձնական վաստակը: Քաղաքական սկզբունքը, որ չի կիսում մեր ընդդիմադիր զանգվածը, այն է, որ ապագայի պատասխանատվությունը ստանձնում է ոչ միայն պետությունը, այլեւ աշխատողը»:

Նա ընդգծեց, որ այս համակարգի համար կառավարությունը հաջորդ տարի կներդնի 20 մլրդ դրամ. «Մենք ձեւավորելու ենք երկար փողերի շուկա: Կա քաղաքացիների մի մեծ հատված, որ դժգոհում է այդ համակարգից, քանի որ այն բարդություններ է ստեղծելու՝ ստեղծվելու են վարքագծային նոր կանոններ: Ես վստահ եմ, որ այս համակարգն արժանանալու է նույն ԱՊՊԱ-ի ճակատագրին. Սկզբում ԱՊՊԱ-ից էլ էին դժգոհ, իսկ այժմ՝ բոլորը գոհ են:

Սա հեշտ որոշում չէ: Կենսաթոշակային նոր համակարգից առաջին օգտվողները լինելու են քսան տարի անց: Ստանձնելով այս քաղաքական պատասխանատվությունը՝ մենք օր առաջ պետք է այն իրականացնենք, ու չպետք է հապաղել»:

Վարչապետը տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է ՏՏ ոլորտի երիտասարդների հետ, որոնք եւս բավականին ակտիվ քննադատում էին այս հայեցակարգը. «Երկուսուկես ժամ բանավեճ եղավ ու լավ հասկացանք՝ ինչ էր նրանց մտահոգում:

Մենք օրեցօր տեսնում ենք, թե ինչպես է ուժեղանում քաղաքացիական հասարակությունը, որը կրկնապատկվելու է, եւ ես դա դրական միտում եմ համարում: Մենք ձեւավորում ենք որակապես նոր քաղաքացի, որը պատասխանատու է լինելու իր ապագայի համար: Քաղաքացիական հասարակություն առաջին հերթին նշանակում է անվստահություն այն գործիքների նկատմամբ, որոնք պարտադրանք են ենթադրում»: