Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինի այցերը Հայաստան

Քաղաքականություն
5115ed6fc3cc1d650f48347c27fe6a03

Վլադիմիր Պուտինի ինքնաթիռն առաջին անգամ Հայաստան իջավ 1999-ի հոկտեմբերի 27-ից երեք օր հետո։ Նա այդ ժամանակ Ռուսաստանի վարչապետն էր։ Նրան Երեւանում դիմավորեց Ազգային անվտանգության քարտուղար Սերժ Սարգսյանը, որը հոկտեմբերի 27-ին Երեւանում չէր։

«Բոլորը, ովքեր սպանվել են ահաբեկիչների ձեռքով, Ռուսաստանի բարեկամներն էին, մենք նրանց լավ գիտեինք»,- ասաց Պուտինը։

Վազգեն Սարգսյանի հետ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Մոսկվայում հոկտեմբերի 27-ից 12 օր առաջ։ Կարեն Դեմիրճյանի հետ՝ մի քիչ ավելի շուտ։ Վարչապետի պաշտոնում Վազգեն Սարգսյանին փոխարինած եղբայրը Պուտինի հաջորդ հյուրն էր։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի պաշտոնակատարը խոսում է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների նոր որակի մասին։ Հայաստանի վարչապետը կարեւորում է ռազմականը. «Ռազմական համագործակցության առումով մեր միջեւ ամեն ինչ նորմալ է»։

Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը բառացիորեն Ջավախքից Հայաստան է մտցնում ռուսական տանկերը, որոնք համալրելու են Գյումրիի 102 ռազմակայանը, նրանց դիմավորում են ծաղիկներով։

Ռուսաստանի նախագահի կարգավիճակում Վլադիմիր Պուտինի առաջին այցը Հայաստանը տեղի է ունենում 2001-ի մայիսին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի երկրների հավաքին։ Հայաստան է մտնում միջուկային ճամպրուկը։ Հաջորդ այցելությունը նույն տարվա սեպտեմբերին էր։ Պուտինն այդ օրերին իրեն վատ չէր զգում մեր երկրում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ Սեւանա լճում զբոսնում էր մոտորանավակով, պատվավոր դոկտորի կոչում էր ստանում Պետական համալսարանում ։

Այդ օրերին արդեն ամենաբարձր մակարդակով քննարկվում էր «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որով 100 միլիոն դոլար պարտքի պատճառով նախատեսվում էր Ռուսաստանին փոխանցել Հայաստանի չորս արդյունաբերական հսկաներին, այդ թվում՝ Մարսը եւ Հրազդանի ՋԷԿ-ը։ Այդ այցելության ժամանակ ուրվագծվում է ռուսական ընկերությունների մասնակցությունը բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը։ Այդ օրերին է Ռուսաստանի պաշտպանության նախարարը զգուշացնում, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում դեռ երկար կմնա. «Մենք ուզում ենք, որ ռուս զինվորն այստեղ իրեն ապահով զգա»։

Հայաստանի նախագահի նստավայրում ստորագրվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք անշրջելի են դարձնում հայկական ձեռնարկությունների փոխանցումը Ռուսաստանին 100 միլիոն դոլարի գազի եւ միջուկային վառելիքի պարտքի դիմաց։ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ հպարտանում է, թե ում նախաձեռնությամբ են մեր ձեռնարկությունները տրվում Ռուսաստանին. «Ես ուզում եմ ասել, որ էդ առաջարկը մեր կողմից է, ոչ ոք չի փորձում մեզ ինչ-որ բան ստիպել»։

Հաջորդ անգամ Վլադիմիր Պուտինը Հայաստան է այցելում 2005-ին Հայաստանում Ռուսաստանի տարվա մեկնարկի առիթով։ Ռուսաստանի վարչապետ աշխատելու 4 տարիների ընթացքում Պուտինը Հայաստան ոտք չի դնում։ Փոխարենը մարտի 1-ի սպանդից հետո մի քանի անգամ Մոսկվայում ընդունում է Սերժ Սարգսյանին։ Այսօր Ռուսաստանի նախագահը Հայաստան է մտնում հինգերորդ անգամ, սակայն սա նրա առաջին պետական այցն է։