Նախարարության առաջարկը չընդունվեց
ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունն այս ամսվա սկզբին հանդես էր եկել նախաձեռնությամբ եւ մշակել էր օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերում մարզական արդյունքների գնահատման չափորոշիչներ: Մասնավորապես, օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճող մարզիկը ստանում է 10 միավոր, 2-րդը` 8, 3-րդը` 7:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, դա միտված էր մարզական լրագրողների հետ համատեղ քննարկելու եւ ի մի բերելու լավագույն մարզիկների ընտրություն կատարելու սկզբունքները` հնարավորինս սուբյեկտիվ մոտեցումները բացառելու համար:
Այդ նպատակով ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը հանդիպում անցկացրեց` մարզական լրագրողների եւ ֆեդերացիաների կողմից արված առաջարկներն ու դիտողությունները քննարկելու համար:
Դրան ներկա էին տարբեր լրատվական միջոցների լրագրողներ, այդ թվում «Ա1+»-ի սպորտային մեկնաբանը, մարզական ֆեդերացիանների եւ մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Քննարկումը վարեց նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Անանյանը:
Մոտ 3 ժամ տեւած քննարկումից հետո կողմերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան եւ որեւէ որոշում չկայացրին: Սակայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կայքում այսօր հայտարարություն է տարածել, որ իբր «բուռն քննարկումներից ու բանավեճերից հետո որոշվել է, որ տարվա լավագույն մարզիկի որոշման հարցում չեն կատարվել փոփոխություններ` միայն մեկ բացառությամբ, թեկնածունների ցանկը որոշելու հարցը մարզական լրագրողների ցանկությամբ վստահվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը»:
Իրականում քննարկման վերջում ոչ մի առաջարկ չքվեարկվեց, եւ ամեն ինչ մնաց առաջվա պես, այսինքն` Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (նախագահ` Յուրի Ալեքսանյան) տարվա լավագույն մարզիկների ընտրությունը կատարելու է նույն չափորոշիչներով: