Ինչու ՀՀ-ն լրջորեն չընդվզեց ՄՄ-ի դեմ
Բողոքի ակցիաները ի վերջո որեւէ լուրջ բանի չեն հանգեցնելու: Դրանք արեւմտասեր հոսանքի կողմից են կազմակերպված, որը Ուկրաինայում բավականին հզոր է, հատկապես արեւմտյան` Եվրոպային հարող հատվածներում: Այս համոզմանն է ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Իսկ որն էր պատճառը, որ ՀՀ-ում տեղի չունեցան լուրջ ընդվզումներ ՄՄ անդամակցության դեմ:
Ուկրաինայում սկսված ժողովրդական ընդվզումները ՄՄ հնարավոր անդամակցության դեմ՝ երկրի իշխանությունները կարող են օգտագործել որպես հաջող խաղաքարտ: Այս համոզմանն է ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը. «Ուկրաինայի իշխանություններն իրենց այդ որոշումը կարող են ավելի թանկ վաճառել ՌԴ-ի վրա եւ ցույց տալ ՌԴ-ին, որ տեսեք՝ մենք ինչերի միջով ենք անցնում, ինչ դժվարություններ ենք հաղթահարում հանուն ՄՄ մտնելու»:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը որոշում կայացրեց հետաձգել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի նախապատրաստման գործընթացը: Պարոն Թորոսյանը Ուկրաինայում բողոքի նման ակցիաները նորմալ է գնահատում, սակայն նույնը նա չէր ողջունի ՀՀ-ում նման գործընթացների անցկացումը. «Բոլոր քաղաքական ուժերը, բոլոր հասարակական կառույցները ըստ երեւույթին, քաջ գիտակցում են, որ ինչքան էլ լինեն ռուսասեր կամ արեւմտասեր, ակնհայտ է, որ ՀՀ-ն ունի ազգային ու պետական անվտանգության հստակ խնդիր: Դրա համար մեզ մոտ ՄՄ-ի դեմ սուր դրսեւորումներ չեղան»:
ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը Ուկրաինայի իշխանությունների ընդունած որոշումը համարում է սթափ վերլուծության արդյունք: Նա հիշեցնում է Ուկրաինայի Գերագույն Ռադայում վարչապետ Նիկոլայ Ազարովի հայտարարությունը, որ Ասոցացման պայմանագրի ստորագրման գինը 165 մլրդ եվրո տնտեսական վնասն է. «165 մլրդ եվրո վնասը ոչ միայն Ուկրաինայի տնտեսությանն ուղղակի վնաս է, այլեւ սոցիալական ծրագրերի սառեցում: Իսկ դրանց սառեցումն ուղղակի կլիներ աղետ»:
Ուկրաինայում տեղի ունեցող ընդվզումները, պարոն Արսենյանի կարծիքով, խոսում են մեկ բանի մասին` այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտները լավ են աշխատում: Նրա համոզմամբ` մեր երկրում չեղան նման ակցիաներ, քանի որ նախ չկար արեւելամետ եւ արեւմտամետ թեւերի հստակ բաժանում, մյուս կողմից էլ մեր ժողովուրդը վաղուց էր կողմնորոշված. «Հայկական հասարակությունն, իմ խորին համոզմամբ, իր կողմնորոշումն իրականացրել է մոտ 200 տարի առաջ եւ դրա մասին ասել է Խաչատուր Աբովյանը` «Վերք Հայաստանի» հայտնի գրքում:
Նրա համոզմամբ` մեր երկրում չեղան նման ակցիաներ, քանի որ նախ չկար արեւելամետ եւ արեւմտամետ թեւերի հստակ բաժանում, մյուս կողմից էլ` եթե մեր իշխանությունները նախաստորագրեին ասոցացման պայմանագիրը, ապա հետեւանքները բավականին տխուր կլինեին. «Կմնար ՀՀ-ն` մի 800 հազար նպաստառու, թոշակառուներով, մնացածները կլինեին այնտեղ, որտեղ իրենք գտնում էին, որ ավելի ճիշտ է, այսինքն` գնային դեպի սլավոնական աշխարհ»:
Իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է` Ուկրաինան կստորագրեր Ասոցացման պայմանագիրը, եթե չլինեին ՌԴ ճնշումները. «Ստորագրել պայմանագիրը, նշանակում է պայքար Արեւմուտքի ու ՌԴ-ի միջեւ: ՌԴ-ն հարցը քաղաքականացրեց: Այս մարտահրավերին ԵՄ-ն պատրաստ չէր»: