Ինչու ընդդիմությունը չի բոյկոտի ԱԺ աշխատանքները (տեսանյութ)
Հայաստանում բացառված է, որ Ազգային Ժողովի ընդդիմադիր համարվող 4 կուսակցությունները բոյկոտեն խորհրդարանի աշխատանքները, վայր դնեն իրենց մանդատները եւ դուրս գան փողոց հեղափոխություն անելու։
Ըստ Ստեփան Դանիելյանի, նախ մեծ հարց է, թե Ազգային Ժողովում որ խմբակցություններն են ընդդիմադիր։ Դաշնակցությունն, օրինակ, այդպիսին չէ, նրա անդամներին Սերժ Սարգսյանը նշանակում է դեսպան եւ հյուպատոս. «Դեսպանը եւ հյուպատոսը առաջին հերթին ներկայացնում է ոչ թե երկիրը, այլ նախագահին՝ դա է դիվանագիտական պրակտիկան»։
«Բարգավաճ Հայաստանը» նույնպես ընդդիմադիր կուսակցություն չի կարող դիտվել, քանի որ նրա առաջնորդը գործարարությամբ է զբաղվում իշխանության ողորմածությամբ. «Նորմալ երկրում դա այդպես չէր նշանակի, Հայաստանում ճնշման առաջին միջոցը տնտեսական է եւ ֆինանսական»։
Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեմ չէր լինի մանդատները վայր դնելուն, ընդդիմադիրների հեղինակած որեւէ օրինագիծ հանրապետական մեծամասնությունը բանի տեղ չի դնում. «12 օրենք եմ ներկայացրել, 12-ն էլ մերժել են»։
Պարոն Բագրատյանը հիշեցնում է, որ ինքը մի քանի երկրի համար տնտեսական ծրագրեր է գրում, իսկ իրեն հանրապետականները դրել են տնտեսությունից չհասկացողի տեղ. «Իհարկե, էս ամեն ինչը կհանգեցնի նրան, որ մի օր ընդդիմության բողոքն այլ ձեւ կստանա»։
Լեւոն Զուրաբյանը բոյկոտի հետ համաձայն չէ։ «Մենք պետք է օգտագործենք թեկուզ կեղծված ընտրություններով ձեւավորված Ազգային Ժողովի ամբիոնը իշխանությունների դեմ,-ասում է նա,-Բայց այս ամենը չի ունենա որեւէ արդյունք, եթե այդ ամենին չմիանա փողոցում, հրապարակներում կանգնած ժողովուրդը»։
Իշխանություններին պետք է նեղել ամենուր՝ Ազգային ժողովում, ավագանիներում եւ փողոցներում. «Այ սենց իրար պաս տալով, համակարգելով գործողությունները իրար հետ մենք պետք է հասնենք հասարակական քաղաքական մի այնպիսի մոբիլիզիացիայի եւ համախմբման, որ ռեժիմը ստիպված լինի նահանջել»։