«Կոռուպցիոն բուրգի գլխին՝ բարձրաստիճան պաշտոնյաներ»
Այս պահին քաղաքական եւ հասարակական կյանքում ապատիա կա, եւ այդ պատճառով էլ դեռ հանրահավաքներ ՀԱԿ-ը չի անցկացնում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ սա ժամանակավոր երեւույթ է:
Նա նաեւ ընդգծեց, որ երկրում սոցիալական խնդիրները լուծված չեն, ու հասարակության մեջ ճգնաժամ կա, որն իր լուծումը պետք է գտնի, եւ այն վաղ թե ուշ բերելու է քաղաքական գործընթացների ակտիվացմանը. «Քաղաքական պայքարի ամենաարդյունավետ միջոցն այն է, որ ժողովուրդը հանդես է գալիս կոնկրետ իր շահերին առնչվող նախաձեռնություններով. ժողովրդի ակտիվացումը փողոցում է, որը զուգորդվեց 4 խմբակցության համախմբված աշխատանքով: Դա ես համարում եմ մեր քաղաքական կյանքի ամենամեծ նվաճումը, որն իր նախադեպը դեռ չէր ունեցել»:
Ըստ նրա՝ դա հատկապես ցայտուն երեւաց Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարի դուրս եկած երիտասարդների բողոքի ակցիայի ժամանակ, երբ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը տպավորիչ գործողություններ կատարեցին, որոնց դեպքում հաջողվեց համախմբել ու միավորել ԱԺ ընդդիմադիրներին. «Սա քաղաքական դաշտի ակտիվացման բանալին է՝ մինչեւ հեղափոխություն»:
Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ նոյեմբերի 5-ին Կառավարությանն իրենց ուղարկած կոռուպցիայի վերաբերյալ հարցապնդմանը, որը դեկտեմբերի 3-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Ըստ նրա՝ կոռուպցիան համակարգային է ու կազմում է մի բուրգ, որի գլխում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողներն են. «Հավաքել ենք ակնհայտ փաստեր, որոնք այդպես էլ պատասխան չեն ստացել, որոնց վերաբերյալ կառավարությունը ոչինչ չունի ասելու, սակայն հիմա պարտավոր է պատասխանելու»:
Պարոն Զուրաբյանն ընդգծեց, որ իրենց հարցապնդման մեջ անդրադարձել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալին, որը նրան բերել է 1 մլն 664 հազար դոլար եկամուտ. «Սա խայտառակ բիծ է մեր բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որը միջազգային ասպարեզում գցում է մեր երկրի վարկանիշը»: