Ադրբեջանական մամուլը քննադատում է միջնորդներին
«Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման փաստը կարելի է արձանագրել դրական երեւույթ եւ ոչ ավելին»,-անդրադառնալով երեկ Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը՝ լրագրողներին հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Այս պահի դրությամբ դժվար է ասել, թե սառույցը կոտրվեց, թե՝ ոչ: Մենք տեսանք, որ Մինսկի խումբը բավականին ջանքեր էր ներդրել այս հանդիպման համար»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ սա մեկ քայլ էր, որն ընդամենը հույս է ներշնչում, որ հետագայում կլինեն էլի հանդիպումներ և ԼՂՀ հարցը կլուծվի բանակցային շրջանակներում։
«Ադրբեջանական մամուլում երեկվա հանդիպման հետ կապված կար քննադատություն՝ հիմնականում ուղղված միջնորդներին, որոնք պահանջում են փաստացի զիջումների միջոցով լուծել հակամարտությունը։ Երեկ, բացի պաշտոնական բոլոր հայտարարություններից, որոնք կային, ընդամենը 3-4 քաղաքագետի կարծիք էր լուսաբանվել։
Բոլորը միանգամայն ծայրահեղ և մաքսիմալիստական դիրքորոշումներով էին հանդես գալիս։ Նպատակը՝ ամբողջությամբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնելն էր»,-նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ հետաքրքրված չեն խաղաղ կարգավորմամբ.«Այստեղ Հայաստանը անելիք ունի և համանախագահների հետ ճնշումը պետք է ուժեղացնել: Ադրբեջանը փորձում է բանակցային ֆորմատը փոխել: Սա մարտահրավեր է, որն ուղղված է Մինսկի խմբի համանախագահներին:
Բանակցային սեղանին ներկայացված է եղել Հայաստանը, որի դիրքորոշումը համահունչ է համանախագահների դիրքորոշմանը: Այսօր խնդիրը Ադրբեջանի ակտիվությունը կանխելն է և Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելը»,-ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ բանակցային գործընթացը պետք է շարունակել չհիմնվելով մադրիդյան նախկին սկզբունքների վրա։
«Այդ սկզբունքները տարիներ շարունակ որևէ արդյունքի չբերեցին, ընդհակառակը՝ տարածաշրջանում կոնֆլիկտայնությունը դրանց հետեւանքով ավելացավ. եղան կրակոցներ, Սաֆարովի արտահանձնում, իրավիճակ է փոխվել։ Ադրբեջանի իշխանությունները, հերոսացնելով Սաֆարովին իրենց երկրում, ցույց են տվել, որ իրենք պատրաստ չեն բանակցություններ վարել խաղաղ ճանապարհով և կոնֆլիկտային փուլը առաջ բերել։
Այս իրավիճակի փոփոխության արդյունքում, կարծում եմ, որ չի կարելի բանակցությունները շարունակել նախկին սկզբունքների վրա»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի կարծիքով, ինչ-որ մի փուլում բանակցությունների գործընթացին կմասնակցի նաև Արցախի Հանրապետությունը. «Հիմա պետք է հասկանալ, որ գործնականում՝ քաղաքական առումով բանակցային գործընթաց որպես այդպիսին չկա էլ, կան քննարկումներ, սկզբունքների մշակում, որոնք պետք է ընկած լինեն բանակցային գործընթացի հիմքում։ Երբ որ կսկսեն բանակցությունները, ես վստահ եմ, որ Արցախը ներկայացված է լինելու, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ վերջնական որոշումը Արցախինն է լինելու»։