Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգիշտի Կիվիրյանը մտավ հարցաքննության

Քաղաքականություն
f1adc029bc02b17919678421772b9975

Քիչ առաջ Armenia Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը մտավ Հատուկ քննչական ծառայություն։ Նա երեկ երեկոյան ծանուցագիր էր ստացել հարցաքննվելու հրավերի մասին՝ Կոմիտաս 5-ի պայքարի գործով։

Արգիշտի Կիվիրյանը միտումնավորություն է տեսնում նրանում, որ միայն երեկ երեկոյան է ստացել ծանուցագիրը, որովհետեւ բազմաթիվ փաստաբաններ են ստանձնել նրա պաշտպանությունը, որոնք նախապես պլանավորած գործերի պատճառով չեն կարողացել միանալ նրան այսօր։

Կիվիրյանին հարցաքննության ուղեկցեցին փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։

Լրագրողների հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ իրավապահ մարմիններն ամեն կերպ փորձում են չեզոքացնել իրեն քաղաքացիական պայքարից, որպեսզի ինքն անընդհատ զբաղված լինի դատական քաշքշուկներով։

Այս պահին Գլխավոր դատախազության շենքի մոտ են մի խումբ ակտիվիստներ՝ «Արգիշտի, մենք քեզ հետ ենք», «Ռեժիմը սպառնալիք է բոլորի համար» գրությամբ պաստառներով։ Նրանք նշում են, որ Արգիշտի Կիվիրյանն անմեղ է։

Ի դեպ, դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը Կոմիտաս 5-ում, ինչի համար էլ պայքարում էին մի խումբ քաղաքացիներ։

Հիշեցնենք, օգոստոսի 24-ին ոստիկանները Կոմիտաս 5 հասցեից բերման էին ենթարկել Արգիշտի Կիվիրյանին։Բերման ենթարկող ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վ.Վրթանեսյանը զեկուցագիր էր ներկայացրել, որ Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել և բռունցքով հարվածել էր՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նյութերը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն, և ոստիկանության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»:

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արգիշտի Կիվիրյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում: Իսկ Կիվիրյանն ասում է, որ իր դեմ կիրառված բռնությունների կապակցությամբ գործը քննելու փոխարեն քննվում է 316 հոդվածի շրջանակում` «իբր ինքն է բռնության ենթարկել ոստիկանին»: