«Հնարավոր է իմաստազրկել ՄՄ հայտարարությունը»
Նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին Հայաստանի և ԵՄ-ի միջեւ որևէ բան չի ստորագրվի։ Այսօր նման հայտարարություն արեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը։
«Ես կարծում եմ, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ և ընդհանրապես Արևելյան գործընկերության շուրջ գործընթացների թեժացումը չափազանց վտանգավոր մի իրավիճակ ստեղծեցին Հայաստանի համար, որը դեռևս պահպանվում է։
Անորոշության մեջ հայտնվեցին Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները, իսկ Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովից հետո նաև Հայաստանի և Ռուսաստանի միջեւ հարաբերությունները»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Պարոն Սաֆարյանն այսօր անդրադարձավ նաև Եվրապառլամենտի բանաձեւին. «Այդ բանաձեւով հավասարակշռության խախտում տեղի ունեցավ Եվրամիության կողմից, և Եվրամիությունը հիշեցրեց, որ Հայաստանը չի կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք վերաբերում էին այսպես կոչված Ադրբեջանական տարածքների ամբողջականության վերականգնելուն։
Ադրբեջանը սույն իրադարձությունը մեկնաբանեց՝ իբրև ազդակ այն մասին, որ միջազգային հանրությունը հերթական անգամ ճանաչում է իր տարածքային ամբողջականությունը»։
Պարոն Սաֆարյանի խոսքերով, ՀՀ իշխանությունները չպետք է մոռանան, որ արտաքին քաղաքականության մեջ բալանսների խախտումները, վակուումների ստեղծումը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար։
«Հայաստանը պետք է ձևեր գտնի Մաքսային միությանն անդամակցելու խայտառակ որոշումից հետ կանգնելու համար։ Պետք է հասկական, որ հնարավոր չէ հայտարարությունից հրաժարվել, բայց հնարավոր է այն իմաստազրկել»,-նշեց Ստյոպա Սաֆարյանը։