Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստվերը կառավարության խնդիրը չէ»

Քաղաքականություն
4e15d8fcdd1059943185b4198fb42561

«Իմացանք՝ որտեղ ենք փողերը ծախսելու, հիմա էլ հասկանանք, թե որտեղից ենք այդ գումարները հավաքելու»,- մինչ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին հրավիրելը՝ 2014թ. պետական բյուջեի իրենց հատվածը ներկայացնելու, կատակեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նկատենք, որ ԱԺ-ում պետական բյուջեի քննարկմանը ՊԵԿ-ն իր տվյալները ներկայացնում էր բոլոր ոլորտներից հետո: «Մեզ միշտ քիչ ժամանակ է մնում՝ ներկայացնելու մեր ամբողջ ոլորտը, հիմա միգուցե ստացվի»,- կատակեց Արմեն Ալավերդյանը: «Դրա համար էլ այս անգամ ձեր հերթն առաջ ենք գցել»,- հայտարարեց Վարդան Այվազյանը:

Արմեն Ալավերդյանը հենց սկզբից հայտարարեց, թե արդեն իսկ ներկայացված հարկեր-ՀՆԱ ցուցանիշները մի փոքր հնացած են. «Մենք տարիներ առաջ երազում էինք 16 տոկոսանոց աճ ունենալ, այս հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է այն հասցնել միջազգային նորմերին՝ ավելացված քսան մլն դրամը տարեվերջին կբերի 23, 6 տոկոս աճի, որն իր մեջ ներառելու է միայն պետական հարկերը՝ բացառելով գույքային հարկերը: 0.3-0.4 տոկոս տարեկան աճ ենք նախատեսել:

Եթե 2014թ. տեմպերը առաջանցիկ լինեն, ապա հաջորդ տարին կկլանի նաեւ այս ցուցանիշը եւ կլինի ավելին: Մեր եկամուտները կրկնապատկվել են վերջին հինգ-վեց տարում»:

Նա չբացառեց, որ տնտեսության մեջ ստվեր կա. «Ինչքան բարձր գնահատականներ են հնչում ստվերի բարձր լինելու մասին, այնքան ժողովրդահաճո են լսվում ականջին: Ընդհանուր գնահատականները քիչ են, պետք է կոնկրետ հասցեական գնահատականներ տալ ու հարկման դաշտ բերել:

Ստվերի դեմ պայքարը մեկ-երկու նախարարության, նույնիսկ կառավարության խնդիրը չէ, այլ ամբողջ հասարակությանը. կոմպլեքս մոտեցումներ պետք է լինեն, քանի որ օրենսդրական խնդիրներ ու բացեր կան նաեւ, որոնք ստվերի ստեղծմանն են բերում»:

Պարոն Ալավերդյանը նաեւ հայտարարեց, որ հարկային կոշտ վարչարարությունն իր տեղն այս տարի զիջել է փափուկին, եւ դա բավականին լավ ցուցանիշների է հանգեցրել: