«ՀՀ-ն հաշվի չի առնի Ադրբեջանի շահերը»
Որեւէ միությանն անդամակցելու հարցում Հայաստանը հաշվի չի առել ու չի առնելու Ադրբեջանի շահերը՝ վստահեցնում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ինչ վերաբերում է Մինսկում տեղի ունեցած նիստում Բելառուսի նախագահի այն հայտարարությանը, թե ՀՀ անդամակցումը հարցականի տակ է, քանի դեռ Ադրբեջանը մեր երկրի հետ ունի տարածքային չճշտված հարցեր,ապա պարոն Շարմազանովը հարկ համարեց հստակեցնել. «Ղարաբաղաադրբեջանական խնդիրը ինքնորոշման իրացման խնդիր է, այլ ոչ թե տարածքային վեճ: Անկախ նրանից, թե ՀՀ-ն ինչպիսի կառույցներում կլինի, ԼՂՀ անկախության հարցը սակարկման ենթակա չէ: ԼՂ-ն կայացած ժողովրդավար պետություն է, իսկ ԼՂ ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԼՂ հիմնախնդրի լուծումը չի կարպում ոչ ՄՄ-ի եւ ոչ էլ ԵՄ-ի հետ. «Մեզ այս պահին հետաքրքրում է միայն նվազագույն կորուստը: Դա կարող է լինել այն, որ ԼՂ տարածքը ընկալվի որպես ՀՀ տարածքի հետ միասին միասնական տնտեսական տարածք»:
Եթե գնալով ՄՄ-ում ԼՂ-ն փորձեն դիտարկել որպես Ադրբեջանի մաս, ապա ՀՀ-ն այդ միությունում անելիք չունի: Պարոն Մինասյանը կարծում է, որ այսօր էլ պետք է հակընդդեմ հարց ներկայացնել բոլոր նրանց ովքեր Մինսկում համարձակվել են ԼՂ հիմնախնդիրը շահարկել. «Եթե դուք բանակցում եք ՀՀ-ի հետ, ինչ կապ ունի Ադրբեջանը: Եթե բանակցում եք ԼՂ հետ, ապա հրավիրեք նրան ու Ադրբեջանին, այդ դեպքում Հայաստանն ի՞նչ կապ ունի»:
Արդյոք ՄՄ-ն կարո՞ղ է ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: Հարցին պատասխանելու փոխարեն Արծվիկ Մինասյանը խորհուրդ է տալիս սպասել. «Շատ հնարավոր է, որ առաջիկայում այնքան հստակ ու պարզ լինի, որ մենք ՄՄ անդամ չենք կարող լինել, որ ՀՀ իշխանությունները կարող է եւ հետ կանգնեն»: