Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂ կարգավորման մասին հարցերը փակ են մնում»

Քաղաքականություն
2970c82a793ba1bafdf93dfc425640e8

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում չի արձանագրվել: Այս հարցում քաղաքական բոլոր ուժերի կարծիքները համընկնում են: Թե ինչը կարող է որոշիչ դեր խաղալ՝ յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի:

ԼՂ հարցի կարգավորումը, ինչպես ՀՀ-ում շատ քաղաքական գործընթացներ, ուղղակի փակ, գաղտնի է մնում. կարծում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Հիմա էլ այդ սուպեր գաղտնիության պայմաններից մի գույժ ստանալու ենք Ղարաբաղի հարցում: Այսինքն` մի աննպաստ դիրքորոշում աշխարհի կողմից»:
Նրա մտավախությունն ավելի է խորացել գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հայտնի նամակից հետո: Ըստ Արամ Մանուկյանի` այս նամակը պատահական չէր ու հավանության է արժանացել իշխանական էլիտայի կողմից: Նա համոզված է` նման զարգացումները մեկ բան կարող են նշանակել. «ԼՂ հարցում ձախորդություններն այնքան են դարձել առկա եւ արդեն ակտուալ, որ իշխանությունները հող են նախապատրաստում հենց ձախողումները մեղմ մատուցելու համար»:

Ակնկալիքներ կային, թե ՀՀ-ում եւ Ադրբեջանում նախագահների ընտրությունից հետո հնարավոր է փոփոխություն լինի հակամարտության կարգավորման հարցում, մինչդեռ հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցող միջադեպերը, ՄՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, Արամ Մանուկյանի կարծիքով, վկայում են ՀՀ-ի միջազգային վարկի ու ներքին ռեսուրսի թուլացման մասին. «Այսպիսի խոցելի իշխանությամբ եւ այսպիսի խարխափող գործունեություն վարող քաղաքականությամբ իշխանությունը չի կարող լուրջ գործընկեր լինել ոչ Եվրոպայի, ոչ միջազգային կառույցների, ոչ էլ ՌԴ համար»:

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը խոստովանում է` հակամարտության կարգավորման հարցում իսկապես չկա առաջխաղացում. «Այս ամենի մեղավորը մենք չենք` ադրբեջանական կողմը համառորեն չի ցանկանում հարցի խաղաղ կարգավորում»:
Նա կարծում է, որ բանակցային գործընթացից առավել, հայկական կողմն իր ուշադրությունը պետք է սեւեռի պաշտպանության վրա: Ըստ նրա` դա է վկայում նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունները. «Ըստ նրանց գործողությունների` համոզված եմ, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի»:

Պարոն Հարությունյանը համոզված է` հարցի լուծման բանալին մեր ձեռքին է. «Հարցի լուծման բանալին նա է, երբ դու այնքան հզոր ես լինում, որ թշնամին անգամ մտքով չի անցկացնում հարձակվելու կամ պատերազմ սկսելու»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է. «Դժվար է այնպիսի քայլով առաջ գնալ, որն արդեն իսկ լուծման հանգեցնի: Այո, գործընթացները դանդաղ են ընթանում, բայց ոչինչ, թող երկիրը կայանա, բայց մի օր մենք կկանգնենք փաստի առաջ, որ արդեն անխուսափելի կլինի ճանաչումը»: