Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՄ-ին միանալու որոշումը նախապես մտածված է եղել»

Քաղաքականություն
3e8a6ba8a0e98f608c5ecd5fbbdb1ac1

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, խոսելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ու Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու կապի մասին՝ ասել է. «Եվրամիությունն արեւելյան հարեւաններին առաջարկեց Ասոցացման համաձայնագիրը, որը մի մակարդակ բարձր էր:

Վեց պետություններից երեքը պատրաստվում են ստորագրել կամ նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը, որը կայանալու է Վիլնյուսում: Հայաստանը սեպտեմբերին որոշեց միանալ Մաքսային միությանը, որը այլ բան է ենթադրում: Ասոցացումը այն ձեւով, որը առաջարկվում էր Հայաստանին, այս պահին հնարավոր չէ:

Մենք պետք է այլ հարթակ փնտրենք ՀՀ-ի՝ Եվրամիության հետ համագործակցության համար: Հայաստանը կարեւոր գործընկեր է ԵՄ-ի հարմար, ուղղակի պետք է իրավական առումով համապատասխանեցնենք Հայաստանի որոշումը այդ ամենին: Կարծում եմ, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը նախապես մտածված է եղել եւ հաշվարկված, չգիտեմ, թե Հայաստանը ի՞նչ տնտեսական օգուտներ կարող է քաղել այդ որոշումից, բայց այն հաստատ նախապես մտածված է եղել:

Ես կարող եմ ասել, թե ինչ է իրենից ներկայացնում Ասոցացման համաձայնագիրը, ինչը չեմ կարող ասել Մաքսային միության մասին: Ես գիտեմ, որ եթե Հայաստանը ասոցացվեր ԵՄ-ի հետ, լեհ փորձագետների հաշվարկներով՝ տարեկան օգուտը կլիներ 150 մլն եվրո, եւ դա կնպաստեր, որ 2, 3 տոկոսով ՀՆԱ-ն աճի: Մյուս տարի, Մաքսային միությանը միանալուց հետո կհամեմատենք այդ թվերը՝ գրանցվածին»,-ասել է դեսպանը:

Ռաչինսկին պատկերավոր նկարագրեց, թե ինչ է իրենից ներկայացնում Ասոցացման համաձայնագիրը. «Ասոցացման համաձայնագիրը մի մեքենա է, որ կօգներ Հայաստանին առաջ գնալ Եվրոպա, այդ մեքենայի անվադողերը եւ շարժիչը խորը, համապարփակ ազատ առեւտրի գոտին են: Մեքենայի ղեկին, որ համաձայնագիրն է, նստած կլիներ Հայաստանը:Մինչդեռ, եթե անվադողերը, ղեկը, շարժիչը հանենք, էլի մեքենա կլինի, բայց արդեն լրիվ ուրիշ մեքենա»:

Դեսպանը հավաստիացնում է՝ «Լեհաստանը մնալու է Հայաստանի փաստաբանը Եվրամիությունում»: