Էժան կահույք՝ ռուսներից
Հայ եւ ռուս բիզնեսմեններն այսօր Երեւանում փորձում էին ընդհանուր լեզու գտնել։ Առեւտրաարդյունաբերական պալատում հայ եւ ռուս գործարարների հերթական համաժողովն էր։
Ռուսական կահույք արտադրող «Մեբելտորգ»-ի տնօրեն Անդրեյ Պոլովովը Հայաստան է եկել իր սպառողների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով.
«ՌԴ-ում մրցակիցներ մեր արտադրանքի ոլորտում չունենք, եւ կարծում եմ` Հայաստանում եւս չենք ունենա, քանի որ մեր կահույքը մատչելի գին ունի, որակյալ է, տեսքն էլ՝ գեղեցիկ: Այն նախատեսված է միջին ու միջինից ցածր խավի համար, եւ կհետաքրքրի հայ գնորդին:
Հայաստան ժամանած ռուսական 10 ընկերություններից էմալապատ ներկեր արտադրող «Օլիվա»-ի կոմերցիոն տնօրեն Անդրեյ Սուխարուկովը գոհ է իր առաջին բանակցություններից, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել հայ գործընկերոջ հետ Մոսկվայում հանդիպելու ու հետագա անելիքները քննարկելու համար. «Մենք ցանկություն ունենք փոքրիկ արտադրամաս բացել ՀՀ-ում:
Տեղական շուկան լավ ճանաչելու համար հանդիպումներ ու սեմինարներ ենք ունենալու: Հասկանում ենք` դժվար է ամենուր: ՌԴ-ում եւս բազմաթիվ դժվարություններ կան` կապված հարկահանության, պետական տարատեսակ ստուգումների, բյուրոկրատիայի հետ, ինչպես եւ ձեզ մոտ, ինչպես հասկանում եմ»:
«Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Մխիթարյանին հետաքրքրել էին Երեւան ժամանած գրեթե բոլոր ռուսական ընկերությունները, հատկապես օդի մաքրման համակարգեր ներկայացնող ֆիրմաները: Նա ոչ միայն մատչելի, այլեւ բարձրորակ արտադրանք է փնտրում. «Էժանությունը դեռ չի նշանակում` դա պետք է գնել, եթե այն էժան է, դա պետք է համադրվի իր որակի ու այլ տեխնիկական բնութագրերի հետ»: