Մեկ սխալի արդյունքում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրի խաղում սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն:
Մեր թիմը ընդհանուր առմամբ կազմակերպված ֆուտբոլ ցուցադրեց, սակայն թույլ տված մեկ սայթաքումի պատճառով ցավալի պարտություն կրեց: Միակ գոլը 73-րդ րոպեին 11 մ հարվածով խփեց հյուրերի պաշտպան Դանիել Ագերը:
Այս սայթաքումից հետո Հայաստանի հավաքականը մնաց նույն 9 միավորով եւ 4-րդ տեղից նահանջեց 5-րդ հորիզոնական: Այժմ մերոնք 4 միավորով ետ են մնում Բուլղարիայից, որն այսօր հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին, իսկ Դանիան ունի 12 միավոր:
Իտալիայի ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Չեխիային, վաստակեց 20 միավոր եւ գրավեց առաջին տեղը՝ նվաճելով եզրափակիչ փուլի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 11-ին: Այդ օրը մերոնք սեփական դաշտում կընդունեն բուլղարացիներին: