Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-21-ը նոր մրցափուլ է սկսում

Սպորտ
260d7dd61d0f215fad1db4867bf9c82f

Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնության շրջանակում այսօր կանցկացնի առաջին ընտրական հանդիպումը:
Մեր թիմը Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կընդունի Իսլանդիայի այդ տարիքային հավաքականին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը այդ խաղին նախապատրաստվելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստ: Նրանցից միայն վեցն են մասնակցել Եվրոպայի անցած առաջնության ընտրական փուլին, իսկ մնացածը նորեկներ են: Ավաղ, մեր առանցքային պաշտպան Ալեն Համբարձումյանը մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել խաղին:
Իսլանդիայի երիտասարդական հավաքականն ավելի փորձառու է, քանի որ արդեն մեկ խաղ անցկացրել է ընտրական մրցաշարում եւ հաղթել է Բելառուսի թիմին (2:1): Մրցակցի կազմում կբացակայի միայն թիմի ավագ Սվերիր Ինգասոնը, որը կարմիր քարտ է ստացել բելառուսների հետ խաղում եւ մեկ խաղով որակազրկվել է:

Չնայած Իսլանդիայի երիտասարդական հավաքականի փորձառությանն ու հաղթական մեկնարկին, բուքմեյքերներն այսօրվա հանդիպման ֆավորիտ են համարում Հայաստանի թիմին, որի հաղթանակը գնահատում են 2,04 գործակցով, իսկ իսլանդացիներինը` 3,45-ով: