Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» դեռ ծրագիր չունի

Սպորտ
c5089250401c20d61ef89686ac1801af

Հայաստանի 2012-13 թթ առաջնության փոխչեմպիոն Երեւանի «Միկան» արդեն վերադարձել է կարճատեւ արձակուրդից եւ սկսել է պատրաստվել 2013-14 թթ Եվրոպայի լիգայի մրցաշարին:
Սակայն ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը առաջիկայում «Միկային» շատ լուրջ փորձություններ են սպասվում

«Այս շաբաթ մենք օրական մեկ մարզում ենք անցկացնում: Մյուս շաբաթվանից մարզումների քանակը կկրնապատկենք: Սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես ենք հետո պատրաստվելու, որովհետեւ ակումբի սեփականատերը խնդիրներ ունի իր բիզնեսում եւ դեռ չի որոշել տարեկան բյուջեն»:

Սլովակցի մասնագետը ցանկանում է ուսհավաք անցկացնել Ռուսաստանում, որպեսզի ուժեղ թիմերի հետ ստուգի իր սաների կարողությունները, ինչպես նաեւ թիմի կազմը համալրել 2-3 փորձառու խաղացողներով:

«Մեր երիտասարդ ֆուտբոլիստները անցած առաջնության ընթացքում արդեն որոշակի փորձ ձեռք են բերել, բայց Եվրոպայի լիգայում հաջող խաղալու համար մեզ հարկավոր են փորձառու նոր խաղացողներ, գոնե մեկական յուրաքանչյուր օղակում»:

Չնայած «Միկայի» ֆինանսական եւ նախապատրաստական անորոշությանը, Ժոլտ Հորնյակը չի պատրաստվում հեռանալ թիմից:
«Ես շատ եմ ցանկանում աշխատել «Միկայում», շարունակել կատարելագործել երիտասարդ ֆուտբոլիստների վարպետությունը, ստեղծել ավելի մարտունակ թիմ եւ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը: Ամեն ինչ կախված է ակումբի հնարավորություններից եւ ֆինանսավորումից: Ես ակումբի ղեկավարությանը տեղյակ եմ պահել ինձ մտահոգող խնդիրների մասին»: