«Պետական այրերը ժամանակ չունեն սպորտի համար»
Հայաստանի 18-ամյա մարզիկ Արսեն Մանուկյանը վերջերս Ռուսաստանի Սուզդալ քաղաքում կայացած մարտական ջիու ջիթսուի աշխարհի 4-րդ առաջնությունում իր տարիքային խմբում հաղթել է բոլոր մարտերում եւ հռչակվել աշխարհի չեմպիոն:
Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում նրա անձնական մարզիչ Ռուբեն Ծատուրյանի կազմակերպած մամուլի ասուլիսին շատ ցավոտ խնդիրներ բարձրացվեց:
Մասնավորապես, ոչ օլիմպիական մարզաձեւերի մեծ մասը պետության կողմից չեն ֆինանսավորվում, ուստի մարզիկները ֆինանսական խնդիրներ են ունենում միջազգային մրցումներին մասնակցելիս:
«Խոսքը չի վերաբերում միայն ջիու ջիթսուին: Մեր նման շատ ֆեդերացիաներում կան լավ մարզիկներ, որոնք կարող են բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային ասպարեզում, սակայն նրանց առաջխաղացման համար հարկավոր են պետական մոտեցումներ: Փառք Աստծո, կա Գագիկ Ծառուկյանը, որը բավական օգնում է սպորտին, բայց ամեն ինչ չէ, որ ճիշտ տեղեկացնում են նրան մարտարվեստների մասին: Ես գումարներ չեմ խնդրում, պարզապես ցանկանում եմ, որ ինձ աշխատելու հնարավորություն տան»:
Պարզվում է, որ Արսեն Մանուկյանը մարզվում է կիսակառույց մարզադահլիճում:
«Անցած տարի ՀՀ նախագահի օժանդակությամբ փորձեցին վերանորոգել դահլիճը, սակայն աշխատանքները կիսատ մնացին: Առաջ եթե մարզիկները մարզվում էին փայտյա ծածկի վրա, այժմ ստիպված ենք պարապել բետոնի վրա: Մենք դիմել ենք մարզի պաշտոնյաներին աշխատանքները ավարտելու համար, սակայն նրանք միշտ պատասխանում են, որ ժամանակ չունեն ընդունելության համար»:
Ըստ Ռուբեն Ծատուրյանի մեր մարզիկների համար լուրջ խնդիրներից մեկը նաեւ զորակոչն է:
«Մեկ ամիս անց Արսեն Մանուկյանը պետք է զորակոչվի բանակ: Սակայն մենք չգիտենք, թե որտեղ է նա ծառայելու, արդյոք կկարողանա շարունակել մարզումները եւ այլn: Բոլորս գիտենք, ինչ բարքեր են տիրում այդ բնագավառում: Վերջերս աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ գրաված մարզիկին մեկ ամսով սիմվոլիկ պահել են սպորտային գնդում, ապա ուղարկել Քարվաճառ»:
Ռուբեն Ծատուրյանը կարծում է, որ պետությունը պետք է հավասար աչքով նայի բոլոր մարզաձեւերին, տարբերություն չդնի դրանց միջեւ, քանի որ հայոց դրոշը բարձրացնում են երկու առիթով` ՀՀ նախագահի այցի ժամանակ եւ մեկ էլ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկների պատվին: