Հայաստանի թիմը՝ Կալիֆորնիայի գավաթակիր
Հայաստանի ջրագնդակի Ֆեդերացիայի ORWP ակումբի մինչեւ 19 տարեկանների թիմը հաջող հանդես եկավ Կալիֆորնիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում:
Մեր թիմը հաղթեց բոլոր 5 հանդիպումներում եւ տիրեց գլխավոր մրցանակին: Մինչ այդ ORWP-ն Հարավային Կալիֆորնիայի Լիգայում անց կացրած 15 հանդիպումներում տարել էր 14 հաղթանակ եւ գրավել առաջին տեղը:
Եզրափակիչ մրցաշարում, որը կայացավ Ռիվերսայդ քաղաքում, մեր թիմը առաջին խաղում 18:7 հաշվով հաղթեց ՖԼՈ-ին՝ 18:7, երկրորդում պարտության մատնեց Տորո քաղաքի ՍԵԹ-ին՝ 9:5:
Քառորդ եզրափակիչում ORWP հաղթեց ԷԼԻԹ թիմին՝ 9:7, կիսաեզրափակիչում՝ Ստենֆորդին՝ 11:8: Եզրափակիչում մեր ջրագնդորդները մրցեցին Հյուսիսային Կալիֆորնիայի լիգայի հաղթող American River թիմի հետ:
Լարված պայքարում անցած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 10:10: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 5 մ տուգանային հարվածներ, որոնք ավելի լավ իրացրին մեր տղաները՝ 5:4: