«Մենք արդեն հաղթել ենք մադրիդյան ակումբին»
Գերմանիայի ֆուտբոլի 2012 թ չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» այսօր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում ուժերը կչափի Իսպանիայի առաջնության անցած տարվա հաղթող Մադրիդի «Ռեալի» հետ:
Այսօրվա հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում, քանի որ երեկ նույն փուլում նույն երկրների ներկայացուցիչների` «Բավարիայի» եւ «Բարսելոնայի» հակամարտությունն ավարտվել է գերմանական ակումբի վստահ հաղթանակով` 4:0:
Սակայն, մասնագետները կարծում են, որ այսօր նման խոշոր հաշիվ չի գրանցվի, քանի որ երկու թիմերն էլ ներկայումս գտնվում են լավ մարզավիճակում, բացի այդ դրանք ցույց են տալիս ավելի հավասարակշռված ֆուտբոլ: Ըստ նրանց խաղը կավարտվի ոչ-ոքի արդյունքով:
«Այն 4 գոլերը, որ «Բորուսիան» խփել է մեզ դարպասը խմբային փուլում, մեր պաշտպանների թույլ տված սխալների արդյունքում են եղել: Եթե «Բորուսիան» հույս ունի նորից գրավել մեր դարպասը, ապա այն պետք է լինի ֆանտաստիկ գոլ: «Ռեալը» այն ակումբներից է, որի համար երկրորդ տեղը համարվում է ձախողում, ուստի մենք պետք է մտնենք եզրափակիչ եւ հաղթենք մրցաշարում» - խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Ռեալը» շատ բարդ մրցակից է: Մադրիդցիները խաղում են տարբեր ոճերով: «Բորուսիան» նույնպես կարողանում է այդպես խաղալ, բացի այդ այս մրցաշրջանում մենք արդեն հաղթել ենք մադրիդյան ակումբին: Սպասեք եւ հանդիպման ժամանակ կտեսնեք, թե ինչ մարտավարություն ենք ընտրել» - խաղից առաջ մեկնաբանել է գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Նշենք, որ թիմերն արդեն երեք անգամ հանդիպել են Դորտմունդում: Այդ խաղերից երկուսն ավարտվել են ոչ-ոքի (0:0, 1:1), իսկ անցած տարվա մրցավեճում «Բորուսիան» հաղթել է «Ռեալին» (2:1):