Մահացել է Նշան Մունչյանի մարզիչը
68 տարեկան հասակում մահացել է բռնցքամարտի սպորտի վարպետ, ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն Լեւոնի Անտոնյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Արմեն Անտոնյանը բազմիցս նվաճել է Հայաստանի եւ Բուրեվեստնիկ մարզական ընկերության չեմպիոնի կոչումը: Մեծ սպորտին հրաժեշտ տալուց հետո նա անմիջապես անցել է մարզչական աշխատանքի: Նրա սաներից է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Նշան Մունչյանը, որը 1993 թ դարձել է աշխարհի չեմպիոն (առաջինը անկախ Հայաստանից), Եվրոպայի ոսկե մեդալակիր ու մրցանակակիր, տիրել աշխարհի գավաթին (1994 թ):
Արմեն Անտոնյանը ավելի քան 10 տարի եղել է Խորհրդային Միության հավաքականի մարզչական խորհրդի կազմում, սակայն չի աշխատել ՀՀ հավաքականներից որեւէ մեկում:
Վաստակաշատ մասնագետի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 14-ին: