Մեկ մլն դրամ՝ հարսանեկան զամբյուղում
Հարսանեկան արարողության օրը զույգերի համար ամենասպասվածն է։ Նրանք այդ օրվան շատ լուրջ ու մանրակրկիտ պատրաստվում են, իսկ որքա՞ն արժե երիտասարդ զույգի ամենաերջանիկ օրը։
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված հարսանեկան ցուցահանդեսը հնարավորություն էր ընձեռել ամուսնանալ պատրաստվողներին ծանոթանալ ոչ միայն առաջարկվող տեսականուն, այլև տեղեկանալ գնային համակարգին։
Ցուցահանդեսին ներկա ընկերություններից մենք փորձեցինք պարզել, թե ինչ կարժենա հարսանեկան արարողությունը՝ միջին աշխատավարձ ունեցող զույգի համար։
Հարսի զգեստը՝ իր աքսեսուրաներով, որոնց մեջ մտնում են ձեռնոցը, պայուսակը, նվերների զամբյուղները, արժե 100-400 հազար դրամ/ վարձույթը/։
Դիմահարդարումը՝ սկսած 15 հազար դրամից, իսկ սանրվածքը՝ կախված մազի երկարությունից և հարսնացուի երևակայությունից։
«Հարսանյաց սրահի բնական ծաղիկներով ձևավորումը սկսվում է 300 հազար դրամից, մինչև 3մլն դրամ»- «Ա1+»-ին ասաց ծաղկի սրահի ներկայացուցիչ Գայանե Ադյանը։
Էլ ինչ հարասանեկան արարողություն առանց հրավառաության։ Ցուցահանդեսին ներկա հրավառության մասնագետները առանձնացրին հրավառության երկու տեսակ՝ սրահում և բացօթյա։
«Եթե հրավառությունը պատվիրում են միայն սրահի համար, ապա գները սկսվում են 10 հազար դրամից, իսկ դրսի հրավառությունը՝ քսան հազարից մինչև անվերջություն, որովհետև հրավառությունը կոնկրետ գումարի չափ չունի»,-նշեց Հարություն Մնացականյանը։
Հարսանեկան արարողության անբաժան մասն է նաև ավտոմեքենան։ Ավտովարձույթ ծառայության ներկայացուցիչները նշեցին, որ գինը տատանվում է՝ կախված մեքենայի մոդելից։
«Օրինակ, Mercedes S-class-ի ավտոմեքենան, եթե քաղաքում է սպասարկելու, արժե 100 հազար դրամ, տրամադրում ենք նաև բնական ծաղիկ՝ մեքենան ձևավորելու համար։ Իսկ եթե հարսանեկան արարողությունը քաղաքից դուրս է, ոչ հեռու, ապա 120-150 հազար դրամ»,- ասաց ցուցահանդեսին մասնակից ընկերություններից մեկի ներկայացուցիչը։
Իսկ հարսանեկան արարողությունն անմահացնող վիդեոծառայությունը, եթե տեսանկարահանումն անցկացվում է մեկ տեսախցիկով՝ 150 հազար դրամ են գնահատում, ի դեպ, մոնտաժը ևս մտնում է գումարի մեջ։ Իսկ ֆոտոնկարահանումը սկսվում է 100 հազար դրամից։
Հարսանեկան արարողության ամենահամեղ զարդը՝ տորթը, սկսվում է 100 հազար դրամից, եթե հարսանեկան արարողությանը հրավիրված է 100 հոգի։
Այս ամենից հետո մնում է գումարել բոլոր թվերը և ավելի պարզ կլինի, թե միջին աշխատավարձ ունեցող ամուսնանալ պատրաստվող զույգերը որքան գումար պետք է իրենց գրպանում ունենան. Նվազագույնը մեկ մլն դրամ՝ հարսանեկան զամբյուղում ։