Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուվենթուս» - «Բավարիա» խաղը ռեկորդ է սահմանել

Սպորտ
c0259446cb7ce2a16e201897b31325bf

Գերմանիայում 11,57 մլն հեռուստադիտող է ուղիղ եթերով հետեւել երեկ կայացած «Յուվենթուս» - «Բավարիա» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է ZDF հեռուստաընկերությունը, դա ընկերության սահմանած նոր ռեկորդ է: Մեկ շաբաթ առաջ «Մալագա» - «Բորուսիա» (Դորտմունդ) խաղին հետեւել էին 9,5 մլն հեռուստադիտող:

Ի դեպ, չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Բարսելոնա» - «Պարի Սեն ժերմեն» խաղի կրկնությունը ZDF-ով դիտել են 7,79 մլն մարդ:

Հեռուստաընկերությունը հույս է հայտնել, որ կիսաեզրափակիչ խաղերի ժամանակ ավելի շատ մարդիկ տեղ կգտնեն կապույտ էկրանի առջեւ, քանի որ գերմանական երկու թիմերն էլ շարունակում են պայքարը Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում:

Նշենք, որ «Յուվենթուս» - «Բավարիա» խաղն ավարտվել է գերմանական թիմի հաղթանակով` 2:0, որն էլ մտել է հաջորդ փուլ: Մյունխենյան ակումբի առաջիկա մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 12-ին կայանալիք վիճակահանության ժամանակ: Դորտմունդի «Բորուսիայից» բացի բավարցիների մրցակիցը կարող են դառնալ նաեւ Մադրիդի «Ռեալը» եւ «Բարսելոնան»: