Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր՝ «Բարսելոնա» - ՊՍԺ, «Յուվենթուս» - «Բավարիա»

Սպորտ
3a93a3e4d24dd6101fc6ca9bde9346dc

Այսօր, Երեւանի ժամանակով ժամը 22.45-ին կսկսեն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան վերջին երկու հանդիպումները:

Իսպանիայի «Բարսելոնան» սեփական խաղադաշտում կհյուրընկալի Փարիզի ՊՍԺ-ին: Թիմերի առաջին խաղում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2:2:

Պատասխան խաղից առաջ ֆուտբոլասերներին եւ կրատվամիջոցներին հետաքրքրում էր մեկ հարց. արդյոք Լիոնել Մեսին կմասնակցի հանդիպմանը, որը ոտքի մկանի վնասվածքի պատճառով բաց էր թողել թիմի վերջին խաղը: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը երեկ մարզվել է թիմի հետ եւ պատրաստ է մտնել խաղադաշտ:

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ, իտալացի Կառլո Անչելոտին հայտարարել է, որ եթե Մեսին չմասնակցի հանդիպմանը, ապա հաղթելու իրենց հավանականությունը կրկնակի կմեծանա:

«Բարսելոնան» եթե հաղթահարի ՊՍԺ-ի արգելքը, ապա կդառնա առաջին ակումբը, որը 6-րդ անգամ անընդմեջ կմտնի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ: Կատալոնցիները եվրոգավաթներում վերջին անգամ սեփական դաշտում պարտվել են 4 տարի առաջ, 2009 թվականին:

Բուքմեյքերների կարծիքով հանդիպման ընդգծված ֆավորիտը հենց «Բարսելոնան» է: Ըստ նրանց ամենահավանական հաշիվը 2:1-ն է՝ հօգուտ դաշտի տերերի:

Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» սեփական դաշտում կընդունի Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիային»: Առաջին խաղում վստահ հաղթանակ է տարել մյունխենյան ակումբը՝ 2:0:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հեյնկեսը հայտարարել է, որ չնայած երկու գնդակի առավելությանը, թիմերի հաջորդ փուլ մտնելու շանսերը հավասար են:

Բուքմեյքերների կարծիքով հաջորդ փուլ կմտնի «Բավարիան»: Ըստ նրանց խաղը կավարտվի ոչ-ոքի՝ 1:1: «Յուվենթուսի» խոշոր հաշվով հաղթանակը շատ անհավանական է թվում՝ 1-ը 26-ի դեպքում: