«Արմեն Նազարյան` չեմպիոն»
Բուլղարիայի հունահռոմեական ոճի հավաքականի անդամները Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու գրավական համարում են թիմի նոր գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանին:
«Երբ փոխվեց մարզչական կազմը, անմիջապես մեծացավ ըմբիշների մոտիվացիան: Արմեն Նազարյանը շատ մեծ մարզիկ է եղել, իսկ այժմ էլ ապացուցել, որ ինքն նաեւ մեծ մարզիչ է: Նա ամեն ինչ արեց, որ ես նվաճեցի չեմպիոնի կոչումը» - հայտարարել է աշխարհամասի նորընծա չեմպիոն Իվո Անգելովը:
Բուլղարիայի հունահռոմեական ոճի հավաքականին մեծ պաթոսով են ընդունել Սոֆիայի օդանավակայանում: Ըմբիշներին դիմավորող երկրպագուները անընդհատ վանկարկել են. «Արմեն Նազարյան` չեմպիոն»:
«Ինչպես հասանք հաջողության: Նախ բոլորի մոտ վերադարձրինք իրենց ուժերի հանդեպ հավատը: Նրանք ինձ համարում էին իրենց ընկերը կամ ավագ եղբայրը եւ ոչինչ չէին թաքցնում ինձանից» - ասել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը:
Նշենք, որ Բուլղարիայի հունահռոմեական ոճի հավաքականը Թբիլիսիում վաճել է երեք մեդալ (1-ական ոսկի, արծաթ եւ բրոնզ) եւ թիմային հաշվարկով զբաղեցրել է 2-րդ տեղը: