Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը զիջեց առաջին տեղը

Սպորտ
d1a4ee5b0cc6045973c4c77794c79e07

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանին չհաջողվեց պահպանել առաջին տեղը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:

8-րդ տուրում նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց հնդիկ վարպետ Կորի Ասարջայի հետ եւ իր միավորների քանակը հասցրեց 6-ի: Կարեն Հ. Գրիգորյանը նահանջեց երկրորդ հորիզոնական, քանի որ նրա հետ համաքայլ ընթացող վրացի գրոսմայստեր Դավիդ Ջոջուան հաղթեց իր մրցակցին եւ վաստակեց 6,5 միավոր:

Մեր մյուս շախմատիստ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը այս տուրում սեւերով հաղթեց ֆրանսիացի Կենտին Լոսոյին: Նա նույնպես ունի 6 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Այսօր կայանալիք վերջին` 9-րդ տուրում, Կարեն Հ. Գրիգորյանը սեւերով կմրցի երրորդ տեղում ընթացող ռումիացի շախմատիստ Վլադ Քրիստիան Ժիանուի հետ: Սամվել Տեր-Սահակյանը կհանդիպի մրցաշարի միանձնյա առաջատարի` Դավիդ Ջոջուայի հետ:

Ի դեպ, մրցաշարին զուգահեռ անցկացրած կայծակնային շախմատի մրցումներում հաղթել է մեր շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը, որը 11 հնարավորից վաստակել է 9,5 միավոր: