Հայաստանի ձյուդոյի հավաքականը ձախողվեց Թբիլիսիում
Հայաստանի ձյուդոյի հավաքականը ձեռնունայն վերադարձավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտված ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնությունից:
Մրցումների երկրորդ օրը տատամի մտան ծանր քաշային ձյուդոյիստները: 81 կգ քաշային կարգում Մհեր Կարապետյանը հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվեց իսրայելցի Ասաֆ Չենին: Սփոփման մրցաշարի առաջին մարտում նա զիջեց ադրբեջանցի Մամադալի Մանդիեւին: Այս քաշային կարգում Անդրանիկ Չափարյանը 1/8 եզրափակիչում տանուլ տվեց ռուսաստանցի Արսեն Պշմախովին:
90 կգ քաշային Կարեն Ջանոյանը նույնպես հասավ քառորդ եզրափակիչ, սակայն պարտվեց ադրբեջանցի Շեխմադ Մագոմեդովին: Սփոփման մրցաշարում նա 3-րդ տեղի համար մրցամարտում զիջեց վրացի Լաշա Թավելուրիին:
Մեր մյուս մարզիկները` Ռաֆայել Դավթյանը (90 կգ) Հակոբ Առաքելյանը (100 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (+100 կգ) չկարողացան հաղթահարել նախնական փուլերը եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:
Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը տատամի մտած մեր 9 ձյուդոյիստները նույնպես չկարողացան մեդալ նվաճեց:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 20 երկրների մեջ գրավեց 11-րդ տեղը: Ի դեպ, Թբիլիսիում բոլորից շատ մեդալներ նվաճեցին մեր հարեւան երկրների` Վրաստանի (8 մեդալ` 1 ոսկի, 1 արծաթ, 6 բրոնզ) եւ Ադրբեջանի ներկայացուցիչները (5 մեդալ` 2 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ):