Լեւոն Արոնյանը պարտվեց Անանդին
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հերթական հանդիպումը Վեյք ան Զեեի շախմատային փառատոնում դարձյալ առանձնացավ իր դիտարժանությամբ:
Ա խմբի 4-րդ տուրում մեր շախմատիստը մրցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանը հենց սկզբից գրոհ ձեռնարկեց սեւերի թագավորի վրա: Թվում էր, թե հնդիկ գրոսմայստերը այլեւս չունի փրկության հնարավորություն:
Սակայն պարտիայի հետագա ընթացքը ցույց տվեց, որ Վիշվանաթան Անանդը պատրաստ էր այդ տարբերակին: Ավելին, նա շատ սուր հակագրոհ կազմակերպեց, ապա չեզոքացրեց սպիտակների սպառնալիքները, իսկ վերջում հաղթական դիրք ստացավ:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց մրցաշարում եւ մնաց նույն 1,5 միավորով: Աղյուսակը սկսեց գլխավորել հենց Վիշվանաթան Անանդը, որը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր:
Բ խմբում ելույթ ունեցող մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը այս տուրում նույնպես անհաջող հանդես եկավ եւ զիջեց հոլանդացի Ռիչարդ Ռապորտին: Նա իր ակտիվում ունի 2 միավոր: