Կոլոսկովը չի պատկերացնում հայ-ադրբեջանական խաղ
Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը չի պատկերացնում, թե ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնություն անցկացնելիս ինչպես են իրար հետ հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը:
«Իմ համար անհասկանալի է, թե ինչպես են այդ երկրները խաղալու իրար հետ երկարատեւ քաղաքական լարվածությունից հետո: ՈՒԵՖԱ-ն անգամ երկար ժամանակ չէր կարողանում լուծել այն հարցը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները ինչպես են հանդես գալու նույն մրցաշարում»,- ասել է նա։
Նախկին ԽՍՀՄ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի երկարատեւ նախագահը կարծում է, որ Ռուսաստանը չպետք է մասնակցի ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնությանը:
«Ես հայրենասեր եմ եւ ցանկանում եմ, որ շարունակվի անցկացվել Ռուսաստանի առաջնությունը, որպեսզի մենք պարզորոշ պատկերացնենք, թե ինչ է հարկավոր ֆուտբոլը երկրում զարգացնելու համար, ինչպես դաստիարակել եւ պատրաստել պատանի ֆուտբոլիստներին: Այնպես որ, ես այդ մտահղացման մեջ ոչ մի դրական կողմ չեմ տեսնում» - հայտարարել է անվանի ֆուտբոլային այրը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ պաշտոնապես նշել է, որ պատրաստ է օժանդակել ԱՊՀ երկրների ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծման գաղափարին: