«ՕԵԿ-ը ոչ ձեզանից է վախենում, ոչ Ռուբեն Հայրապետյանից»
« Օրինաց երկիր» կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, թեկնածու չի առաջադրի Ավանում' ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի' մանդատը վայր դնելուց հետո: Ավելին' կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, թե Ավանում պատգամավոր է եղել ՀՀԿ-ի ներկայացուցիչը, ՀՀԿ-ն էլ կառաջադրի թեկնածու:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն այդպես էլ չմիացավ «Հարսնաքարի» գործը քննող իրավապահներին ԱԺ հրավիրելու եւ հասարակությանը հուզող հարցերը նրանց ուղղելու ԱԺ խմբակցությունների ստորագրահավաքին:
- Տիկին Բիշարյան, Ավանում ՕԵԿ-ն առաջադրելո՞ւ է պատգամավորի թեկնածու:
- Ես կարծում եմ' էդտեղ եղել է հանրապետական կուսակցության ներկայացուցիչը եւ իմ կարծիքով, հանրապետական կուսակցությունն էլ կներկայացնի նորից մեծամասնական թեկնածու: Այս պահին մենք դեռեւս այդ մասին ոչ մտածել ենք, ոչ քննարկել ենք, ոչ որոշել ենք:
- Այսինքն' Հանրապետականը «սեփականաշնորհե՞լ» է այդ տարածքը եւ ՕԵԿ-ը չի՞ կարող մտնել այդտեղ:
- Ես այդպիսի բան չասացի: ՕԵԿ-ը որտեղ ուզի, էնտեղ էլ կմասնակցի: Որեւէ մեկը մեզ չի կարող սահմանափակել: Եւ ոչ թե ՕԵԿ-ին, այլ որեւէ քաղաքական թիմի չեն կարող ասել, թե էստեղ մասնակցեք, էնտեղ' ոչ: Ես բացառապես տրամաբանությունից ելնելով եմ ասում: Երեկ չեմ ծնվել քաղաքականության մեջ եւ շատ լավ հասկանում ենք, որ ընտրություններ են եւ պետք է նախ այդ համայնքում ունենաս համապատասխան թեկնածու, իսկ մենք էդտեղ խորհրդարանական ընտրություններին չենք մասնակցել, որովհետեւ համապատասխան թեկնածու չենք ունեցել եւ էդ մասին ոչ էլ մտածել ենք: Հետո այդ մարդը դեռ իր մանդատը չի դրել եւ գեղեցիկ էլ չի, որ արդեն քաղաքական ուժերը թեկնածուներ ներկայացնեն: Եթե հանկարծ ու հրաժարական չէր տալիս կամ չէր լինում էդպիսի դեպք: Շունչներս պահած մտածենք, թե որտեղ ով պետք է հրաժարական տա, որ մենք մասնակցե?նք:
- Թե՞ մտածում եք' դա Ռուբեն Հայրապետյանի տարածքն է եւ չեք հանդգնում մտնել այնտեղ:
- Ես Ռուբեն Հայրապետյանի անունը երբեւէ չեմ տվել: Ես ասացի'եթե թեկնածու ունենանք, կդնենք: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ թեկնածու չենք ունեցել, չենք մասնակցել:
- Ասել է թե' ՕԵԿ-ը չի՞ վախենում Ռուբեն Հայրապետյանից:
- ՕԵԿ-ը ոչ ձեզանից է վախենում, ոչ Ռուբեն Հայրապետյանից է վախենում, ոչ էլ որեւէ մեկից է վախենում, եւ վախենալու որեւէ խնդիր էլ չունի:
- Տիկին Բիշարյան, իսկ Գյումրու քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու ունենալո՞ւ է ՕԵԿ-ը:
- Այս պահին հարցը չենք քննարկել եւ ոչինչ ասել չեմ կարող:
- Շրջանառվող թեկնածուների նկատմամբ ՕԵԿ-ի վերաբերմունքն ինչպիսին է:
- Մինչեւ կուսակցությունը չքննարկի իր մասնակցության խնդիրը, չի կարող քննարկել երկորդական հարցը, թե որ թեկնածուի հանդեպ ինչ վերաբերմունք ունի: Եւ կարծում եմ, դեռ այնքան էլ հստակ չէ, թե ովքեր են մասնակցում վերջնական: Երբ ռեալ կլինի, թե ով է մասնակցում ընտրություններին, կմտածենք, թե դրանցից ում կարելի է պաշտպանել:
- Եթե մինչ այժմ ՕԵԿ-ը չի քննարկել ու չի որոշել' ում թեկնածությունն է առաջադրելու, նշանակո՞ւմ է, ՕԵԿ-ը չունի թեկնածու Գյումրու քաղաքապետի համար:
- Ես կարծում եմ, դեռ որեւէ քաղաքական թիմ չի որոշել այս պահին, թե ով է իր թեկնածուն: Եթե էդպես լիներ, գոնե մի կուսակցություն արդեն կասեր, թե ով է իր թեկնածուն: Էնպես որ ՕԵԿ-ը հետ չի ընկել որեւէ մեկից:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ, ըստ որոշ տեղեկությունների' Սերժ Սարգսյանը որոշել է պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածուին, եւ ոչ գործող ՀՀԿ-ական քաղաքապետին կամ այլ թեկնածուի:
- Ես ճիշտն ասած, երկրի նախագահից չեմ լսել նման արտահայտություն եւ վստահ չեմ, որ նա էդպիսի բան է ասել: Եթե կասի էդպիսի բան, այդ ժամանակ ես կասեմ իմ գնահատականը, բայց ես վստահ չեմ, որ այդպիսի արտահայտություն ինքն արել է: Եթե այդպիսի որոշում կլինի եւ կհնչեցվի, այդ ժամանակ կանդրադառնանք: Եթե նախագահը հայտարարի, որ պաշտպանում է ԲՀԿ-ի թեկնածուին, դա էլ է նախագահի իրավունքը, որովհետեւ նախագահը բոլոր քաղաքական ուժերի նախագահն է, անկախ նրանից' ընդդիմադիր են, կիսաընդդիմադիր են թե այլընտրանք են: Որովհետեւ նա ընդհանուր նախագահ է: Բայց ես չեմ կարծում, որ եթե լինի ՀՀԿ թեկնածու, նախագահը կպաշտպանի այլ քաղաքական ուժի:
Զրուցեց Մարինե Խառատյանը