Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Այվազյան. «Հիմա սա թանկացու՞մ է»

Հարցազրույց
fc4b22cdf19f856d1ff2f7c0bebc9972

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը չի պատրաստվում գազի հնարավոր թանկացմանն  ընդառաջ գների աճը մեղմելու սոցիալական մեխանիզմներ մշակել: Ավելին' հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարում է, թե գազի թանկացում դեռ չկա, կլինի, հետո կխոսենք: Ներկայացնում ենք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի հետ մեր զրույցը:

 - Պարոն Այվազյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովն ի՞նչ օրենքներ է այսօր մշակում, որ հնարավոր լինի ինչ-որ կերպ զսպել գնաճը Հայաստանում' հատկապես երբ գազի թանկացում է սպասվում:

 - Շուկայական տնտեսություն է: Մենք աշխատում ենք, որ մոնոպոլ երեւույթներ տեղի չունենան, գերիշխող դիրքի չարաշահում տեղի չունենա: Մնացածն առաջարկի եւ պահանջարկի շրջանակներում է ձեւավորվում:

 - Սակայն փաստորեն չեք կարողանում  պայքարել երեւույթների դեմ: Մոնոպոլիստները մնում են իրենց դիրքերում:

- Դա ձեր կարծիքն է:

 - Կառավարության ծրագրում լուրջ խոստումներ կան, սակայն այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ թանկացումները Հայաստանում ավելանում են, օր -օրի գների նոր թանկացումներ են գրանցվում:

- Ավելացում չկա: Հնարավոր է ներկրվող ապրանքների պահով դոլար- դրամ արտահայտությամբ սղաճի շրջանակներում ավելացում տեղի ունենա: Օրինակ' շաքարավազը  2009-2012-ի համեմատությամբ թանկացել է 125 դրամով: Իսկ դոլար-դրամային արտահայտությունն ավելացվել է 25 տոկոսով: 125 դրամը 12.5 տոկոս է, իսկ դոլարը թանկացել է 25 տոկոսով: Հիմա սա թանկացու՞մ է, թե թանկացում չի:

- Ուզում եք ասել' շաքարավազը քիչ է թանկացել, պիտի ավելի շա՞տ թանկանար:

 

- Ես չեմ կարող ասել, որովհետեւ դա միանշանակ պետք է տեղի ունենա առաջարկի եւ պահանջարկի շրջանակներում:

 - Պարոն Այվազյան, եթե վաղը գազը թանկանա, հայ սպառողը ի՞նչ պիտի անի, սոցիալական պաշտպանվածության որեւէ մեխանիզմ ԱԺ-ն մշակո՞ւմ է:

 - Գազի թանկացման դեպքում կարող է տեղի ունենալ միայն փոխհատուցում սոցիալական խոցելի խմբերին: Իսկ մնացածն ի՞նչ եք առաջարկում: Ինդեքսավորում եւ սոցիալական խոցելի խմբերին դոտացիաների վճարում. սա է: Իսկ գազի թանկացման հիմքերը ո՞րն է: Ինձ համար անհասկանալի է: Դուք տեղեկացված եք, որ գազը թանկանո՞ւմ է:

 - Արդեն տարբեր հայտարարություններ են եղել, պարոն Այվազյան: Փաստորեն, ԱԺ-ն չի մտահոգվում, ոչինչ չի անում ու ժողովուրդը կրկին մենա՞կ է մնալու գազի թանկացման պարագայում:

- Դա ձեր կարծիքն է: Իսկ դուք ի՞նչ եք անում:

- Մենք ժողովրդին հուզող հարցերն ենք բարձրաձայնում, պարոն Այվազյան:

- Да ты что:  

 

Զրուցեց Մարինե Խառատյանը