Երկու արծաթե մեդալ
Հայաստանի ազատ ոճի ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ քաշային կարգ) եւ Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ) հունական Օլիմպիա քաղաքում կայացած միջազգային մրցաշարում զբաղեցրեցին երկրորդ մրցանակային տեղը:
Նրանք, ինչպես նաեւ՝ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, ներկայումս պատրաստվում են Լոնդոնի օլիմպիական խաղերին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ ըմբիշներին երեքօրյա հանգիստ է տրվել, իսկ հետո նրանք կսկսեն պատրաստվել տարվա գլխավոր ստուգատեսին:
«Հուլիսի 8-ին մեկնելու ենք Վլադիկավկազ, որտեղ անցկացնելու ենք նախավերջին ուսումնամարզական հավաքը օլիմպիական խաղերից առաջ: Դրան կմասնակցեն 16 մարզիկ, այդ թվում վերջերս ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեդալների արժանացած 4 ըմբիշները: Ուսհավաքը ավարտելուց հետո կվերադառնանք Երեւան եւ կսկսենք անմիջականորեն պատրաստվել օլիմպիական խաղերին: Թիմն իր վերջին հավաքը կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 8-ը» - ճշտեց Արայիկ Բաղդատյանը: