Սիրո մոլորակը կանցնի Արեգակի վրայով (տեսանյութ)
Հունիսի 5-ին և 6-ին տեղի կունենա շատ հազվադեպ աստղագիտական երևույթ՝ Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով. բնության այդ զարմանահրաշ երևույթը հաջորդ անգամ կդիտվի արդեն 22-րդ դարում՝ 2117թ.:
Երկրային դիտորդի համար մի քանի ժամվա ընթացքում Վեներայի մուգ սկավառակը (մոտ 1 անկյունային րոպե տրամագծով) կտեղաշարժվի Արեգակի սկավառակի վրայով (տրամագիծը՝ մոտ 30 աղեղնային րոպե): Այն կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) հունիսի 5-ին ժամը 22:09 և կավարտվի հունիսի 6-ին ժամը 04:49 (UTC):
Անցումն ամբողջությամբ տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, հյուսիս-արևմտյան Ասիայում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Արևմտյան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Սկանդինավիայի հյուսիսային մասերում, Իսլանդիայում, Գրենլանդիայում:
Հայաստանում Վեներայի անցումը կդիտվի հունիսի 6-ին՝ արևածագից (Երևանի ժամանակով 05:32-ից մինչ Երևանի ժամանակով 08:54): Քանի որ Վեներան Արեգակնային համակարգի ներքին մոլորակ է (դրա ուղեծիրը գտնվում է Երկրի և Արեգակի միջև), Երկրից հնարավոր է դիտել դրա անցումը Արեգակի սկավառակի վրայով. հսկա լուսատուի սկավառակի վրա մոլորակը կերևա որպես փոքրիկ սև կետ:
Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով տեղի է ունենում, երբ իր ուղեծրով շարժվելիս այն անցնում է Երկրի և Արեգակի միջով:
Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով ամենահազվադեպ տեղի ունեցող կանխատեսելի աստղագիտական երևույթներից մեկն է: Մոտ 250 տարում դիտվում է 4 այսպիսի երևույթ՝ երկու դեկտեմբերյան և երկու հունիսյան: Արեգակի սկավառակի վրայով Վեներայի անցումները հանդես են գալիս զույգերով, որոնք իրարից բաժանված են 8 տարով:
Նախորդ անցումը տեղի է ունեցել 2004թ. հունիսի 8-ին և Երևանում երևացել է ամբողջությամբ՝ մոտ 6 ժամ տևողությամբ, իսկ հաջորդ զույգ անցումները տեղի կունենան 2117թ. և 2125թ.:
Արեգակի սկավառակի վրայով Վեներայի անցումները պատմականորեն ունեցել են մեծ գիտական նշանակություն. դրանց օգնությամբ որոշվել են Արեգակնային համակարգի չափերը, 1639թ. դիտումների հիման վրա հաշվարկվել է Արեգակի և Երկրի հեռավորությունը, որը մինչ այդ ժամանակն արված ամենաճշգրիտ հաշվարկն էր:
Վեներան երկնակամարի ամենապայծառ "աստղն" է, որն իր անունը ստացել է հռոմեական Վեներա աստվածուհու պատվին, ով գեղեցկության և սիրո աստվածուհին էր:
Հնում հայերն այս մոլորակը կոչել են Արուսյակ: Վեներան Արեգակնային համակարգի 2-րդ մոլորակն է, և այն հաճախ անվանում են Երկրի "քույրը", քանի որ այս երկու մոլորակները շատ նման են իրար զանգվածներով, ձգողության ուժով և բաղադրությամբ:
Այս գեղեցիկ մոլորակն ունի ևս մեկ առանձնահատկություն. սովորաբար բոլոր մոլորակներն իրենց առանցքի շուրջ պտտվում են միևնույն ուղղությամբ /ինչպես Երկիրը` արևմուտքից արևելք/, իսկ Վեներան՝ հակառակ: Այս երևույթը պարզաբանվում է մի քանի վարկածներով, սակայն դրանցից ոչ մեկն էլ սպառիչ բացատրություն չի տալիս:
2012թ. Վեներայի անցումը շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն գիտնականների համար. այս երևույթը պատրաստվում են դիտել նաև շատ սիրող աստղագետներ աշխարհի տարբեր ծայրերում: Այս երևույթին չի կարելի հետևել անզեն աչքով կամ որևէ այլ օպտիկական սարքով. անհրաժեշտ են համապատասխան պաշտպանիչ ակնոցներ, իսկ օպտիկական սարքերի համար՝ հատուկ պաշտպանիչ սարքավորումներ:
Այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը։