Եվրո-2012-ում գրաքննություն կգործի
Որքան մոտենում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, այնքան ավելանում են կազմակերպչական խնդիրները։
Մասնավորապես, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի հիվանդանոցներից մեկում հիվանդներին խնդրել են «արագ բուժվել եւ մինչեւ առաջնության մեկնարկը ազատել մահճակալները»։ Բուժհիմնարկի ղեկավարությունը մտադիր է այդ եղանակով ազատել 1200 տեղ։ Հիվանդները չնայած դժգոհել են, սակայն գլխավոր բժիշկը կոչ է արել հանուն Ուկրաինայի հեղինակության մեկ ամիս դիմանալ։
Եվրո-2012-ի կազմակերպիչներին մտահոգում է նաեւ տոմսերի իրացման խնդիրը, հատկապես Ուկրաինայում։ Պարզվում է, որ տասնյակ հազարավոր տոմսեր դեռեւս չունեն իրենց տերերը։ Դրանք անգամ կարելի է գնել խաղերի նախօրեին։
Եվրոպայի առաջնության Ուկրաինայի կազմկոմիտեի տնօրեն Մարկիան Լուբկիվսկին իր հերթին առաջարկել է գրաքննություն մտցնել ԶԼՄ-ներում եւ արգելել հոռետեսական լուրեր հաղորդել առաջնության մասին։
«Նման մրցաշարեր կազմակերպող երկրները միշտ էլ խնդիրներ ունեցել են։ Ուկրաինայում ոչ մի խանգարող իրավիճակ չկա առաջնությունը ձախողելու համար»,- ասել է կազմկոմիտեի տնօրենը։