Մալարիա չկա, բայց վտանգը մնացել է (տեսանյութ)
2011թ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանը ճանաչեց մալարիայից ազատ տարածք:
Այսօր մալարիայի համաշխարհային օրը ՀՀ Առողջապահության նախարարությունն ահազանգում է. այդ հիվանդությունից որեւէ երկիր ապահովագրված չէ: Մալարիայի տարածումը կախված է մի շարք գործոններից, որոնք առկա են նաև Հայաստանում:
«Սոցիալական վիճակն էլ է նպաստում մալարիայի տարածմանը, բայց հիմնականը մոծակը ապրում է ջրականգների վրա, եթե ջրականգ չլինի այդ մոծակը չի կարող ապրել, չի կարող գոյություն ունենալ և բնական է մալարիայի տարածում չի լինի»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ տնօրեն Վլադիմիր Թադեւոյանը։
Հայ մասնագետները խոստովանում են. մալարիան մեր երկրում վերացավ միայն միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և միահամուռ աշխատանքի շնորհիվ:
Այսօրվա միջոցառման ընթացքում առողջապահության աշխատակիցները ներկայացրին նաև մեր հարևան երկրներում տիրող վիճակը: Օրինակ՝ Ադրբեջանում մալարիայի դեմ պայքարը առողջապահության գերակա խնդիրներից է: Միաժամանակ մեր մասնագետները վստահեցնում են, որ Ադրբեջանից մալարիան չի ներթափանցի Արցախ:
Աշխարհում ամեն տարի արձանագրվում է մալարիայից շուրջ 700 հազար մահվան դեպք, իսկ 3,3 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: