Վլադիմիր Հակոբյանը՝ առաջատարների խմբում
Վլադիմիր Հակոբյանը շարունակում է հաջող ելույթները Պլովդիվում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում:
8-րդ տուրում մեր փորձառու գրոսմայստերը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Դենիս Խիսմատուլինին՝ իր հաղթանակների թիվը հասցնելով 5-ի:
Վաստակած միավորներով (6,5) նա հավասարվեց մյուս երկու առաջատարներին՝ ռուսաստանցիներ Վլադիմիր Մալախովին եւ Մաքսիմ Մատլակովին:
Այսօր Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Մալախովի հետ, իսկ Մատլակովը ուժերը կչափի իր հայրենակից Նիկիտա Վիտյուգովի հետ:
Մրցաշարի առաջատար եռյակին կրնկակոխ հետապնդում են 49 շախմատիստ, որոնք ունեն 5,5-6 միավոր, այդ թվում մեր գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Դա նշանակում է, որ վերջին երեք տուրերում կրած ցանկացած պարտությունը ճակատագրական կլինի մեր շախմատիստների համար:
Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: