Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Հասարակություն

Հանրապետության մի շարք առաջատար լրատվամիջոցներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Վերջին օրերին որոշ քաղաքական ուժեր փորձում են նախընտրական պայքարի նպատակների համար հետեւողականորեն օգտագործել խոսքի ազատության եւ զանգվածային լրատվության միջոցների պաշտպանության հիմնահարցը: Կազմակերպվում են հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ, ընդ որում նաեւ այն ուժերի կողմից, որոնց համար խոսքի ազատությունն ու ժողովրդավարական մյուս արժեքները, մեղմ ասած, երբեւիցե չեն կարեւորվել: Տպավորություն է ստեղծվում, թե այդ անձինք ավելի են շահագրգռված մեր ազատ գործելու երաշխիքների ապահովման հարցում, քան մենք ինքներս՝ լրագրողներս:

Ստիպված ենք չորրորդ իշխանության իրավունքների նորահայտ պաշտպաններին տեղեկացնել, որ իրենց «անհանգստոթյունը» ոչ միայն շատ դեպքերում որեւէ լուրջ հիմքեր չունի, այլեւ գնահատվում է մեր կողմից որպես ԶԼՄ-ներ զուտ իրավական եւ օրենսդրական ոլորտներում գտնվող խնդիրները քաղաքական հարթություն տեղափոխելու, նրանց նախընտրական խաղերի մեջ ներքաշելու, արտաքին աշխարհում Հայաստանը որպես ոչ ժողովրդավարական երկիր ներկայացնելու միջոցով սեփական քաղաքական խնդիրները լուծելու փորձ:

Միայն այս կերպ ինքնադրսեւորվելու հնարավորություն ունեցող ուժերը վերջին օրերին օգտագործում են նաեւ Ա1+ հեռուստաընկերության զուտ իրավական հարթության մեջ գտնվող խնդիրը: Ակնհայտ փորձեր են արվում ամեն կերպ քաղաքականացնել հարցը եւ բացառել այն իրավական հարթության վրա լուծելու հնարավորությունը: Ավելին, նրանց ձեռնտու է ոչ թե խնդրի դրական լուծումը եւ մեր գործընկերների համար իրենց մասնագիտական պարտքը կատարելու ապահովումը, այլ հարցը քաղաքական շահարկումների օրակարգում պահելու հնարավորությունը:

Մենք ցավով եւ ափսոսանքով ընդունեցինք Ա1+-ի պարտությունը: Համոզված ենք, որ, չնայած դրան, հեռուստաընկերությունն ունեցել է եւ կունենա իր արժանի տեղը Հայաստանի զանգվածային լրատվության դաշտում: Անտարակույս Ա1+-ի խնդրի լուծումը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ, սակայն միմիայն իրավական դաշտում:

Ստեղծված իրավիճակը պարտադրում է մեզ՝ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներիս հանդես գալ հայտարարությամբ.

-Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ եւ ԶԼՄ-ների գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ:

-Քաղաքական բոլոր ուժերին հորդորում ենք ձեռնպահ մնալ մեր անունից հանդես գալու, մեր խնդիրները քաղաքականացնելու եւ դրանք ինչ-ինչ սեփական նպատակներին ծառայեցնելու փորձերից:

Հայաստանի Հանրային Հեռուստատեսություն
«Պրոմեթեւս» հեռուստաընկերություն
«Արմենիա» հեռուստաընկերություն
«Ար» հեռուստաընկերություն
«Շանթ» հեռուստաընկերություն
«Երեւան» հեռուստաընկերություն
Հայաստանի Հանրային ռադիոընկերություն
«Հայոց Աշխարհ» օրաթերթ
«Ազգ» օրաթերթ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Գոլոս Արմենիի» թերթ
«Ռեսպուբլիկա Արմենիի» թերթ
«Նովոյե Վրեմյա» թերթ
«Ժամանակ» շաբաթաթերթ
«Արմենպրես» լրատվական գործակալություն
«Արմինֆո» լրատվական գործակալություն
«Դե ֆակտո» լրատվական գործակալություն

Հ.Գ.-Սույն հայտարարության տեքստը չի ներկայացվել Ա1+ հեռուստաընկերությանը, մեզ չեն առաջարկել ստորագրել այն: Ա1+-ը համոզված է, որ Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը եւ գտնում է, որ ԶԼՄ-ների գործունեության համար անհրաժեշտ պայմաններն իսպառ բացակայում են:

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, այս հայտարարության տեքստի հեղինակը եւ ստորագրման նախաձեռնողը «Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանն է: Հայտարարության տեքստը վերանշյալ կազմակերպություններին ներկայացվել է հետեւյալ պահանջով՝ կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ: Մեր տեղեկություններով լրատվամիջոցներին հայտարարությունը ստորագրելու խորհուրդ է տվել նաեւ Արդարադատության նախարարությունը: