ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԲԵԼ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված համայնքային զարգացման ծրագրի արդյունքները պետք է համարել անբավարար, քանի որ ստացված արդյունքը չի համապատասխանում ներդրված միջոցներին: Ծրագրի իրականացման օպերատոր հանդիսացող «A-UTILITY» կազմակերպության հետ պայմանագրի երկարաձգումը դիտում ենք ոչ նպատակահարմար»:
Սա մեջբերում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի գլխավորած «օտարերկրյա ներդրումներ եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից է:
Իրականացված ուսումնասիրությունների ժամանակ հայ խորհրդարանականները պարզել են, որ մայրաքաղաքի ջրամատակարարման կառավարությունը ստանձնած իտալական կազմակերպությունը չի իրականացրել իր ծրագրերը: Ավելին, խորհրդարանականները սկսել են կասկածել, որ մի քանի տարի առաջ տեղի ունեցած միջազգային մրցույթի ժամանակ իտալացիները ներկայացրել են ակնհայտ սխալ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
«Մերոնք, բնականաբար, վազելով էժանի վրա հաղթող ճանաչեցին իտալացիներին»,- եզրակացրել է Վահան Հովհաննիսյանը:
Հանձնաժողովը բացահայտել է եւս մեկ խախտում: Այն դեպքում, երբ կառավարման պայմանագրով նախատեսված էր ընդամները 20 000 ջրաչափերի տեղադրում, իտալական կազմակերպությունը իրացրել է 275 750 ջրաչափ: Ջրաչափերը բնակչությանը վաճառվել են 15 դոլարով՝ գումարած տեղադրման ծախսերը: Սա այն դեպքում, երբ ջրաչափերի մեծածախ գինը 5-6 դոլար է:
Վահան Հովհաննիսյանը այդ ամենը գնահատել է որպես իտալացիների «կոմերցիոն գործարք»: Հանձնաժողովի հաշվարկների համաձայն այդ գործարքն ապահովել է 6,5 մլն. դոլարի եկամուտ:
Սակայն, ուր են կորել այդ գումարները հանձնաժովն այդպես էլ չի կարողանում պարզել, քանի որ այդ գործարքը ՀՀ Կառավարության եւ իտալական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրում նշված չի եղել:
Այդ ոլորտում բազմաթիվ խախտումներ արձանագրելուց բացի խորհրդարանական հանձնաժողովը չարաշահումներ է հայտնաբերել նաեւ բարեգործական կազմակերպությունների գործունեության բնագավառում: