Սլովակ մարզիչը ֆուտբոլիստ է փնտրում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշ ել է 2012-13 թթ առաջնությունը անցկացնել 6 շրջանով: «Ֆուտբոլիստները ավելի շատ սիրում են խաղալ, քան մարզվել, ուստի այդ որոշումը մարզիչների համար էլ է լավ, քանի որ յուրաքանչյուր խաղին նրանք նոր փորձ են ձեռք բերում, ավելի են հարստացնում գիտելիքները»,- կարծում է Դիլիջանի «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
Իսկ ահա «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ժոլտ Հորնյակը «Ա1+»-ի մարզական լրագրողին այդ կապակցությամբ ասաց, որ նույն մրցակարգը ունի եւ դրական, եւ բացասական կողմ:
«Ինձ համար ցանկալի է, որ հաճախ խաղանք, քան պարապենք: «Միկայում» այժմ շատ երիտասարդ խաղացողներ կան, ուստի նրանք որքան շատ խաղան, այնքան արագ կառաջադիմեն որպես ֆուտբոլիստ: Բայց քանի որ մասնակիցների քանակը քիչ է եւ թիմերը 6 անգամ են մրցելու, ապա մարզիչներն ու ֆուտբոլիսները կարող է կորցնեն հետաքրքրությունը խաղերի հանդեպ»,- ասաց Ժոլտ Հորնյակը:
Բայց սլովակ մասնագետին ներկայումս բոլորովին այլ հարց է մտահոգում. ««Միկան» այժմ որոշակի խնդիրներ ունի առջեւի գծում: Նարեկ Բեգլարյանի տեղափոխությունից հետո թիմում չկա փորձառու եւ գոլ խփող հարձակվող: Առջեւի գծի մեր 4 խաղացողներն էլ տակավին երիտասարդ են ու անփորձ: Նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի կայուն խաղ ցուցադրեն: Ցանկալի կլինի, որ մինչեւ «Շիրակի» հետ գավաթային խաղը գոնե մեկ փորձառու հարձակվող ձեռք բերենք: Ակումբի ղեկավարությունն այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տանում» - ասել է: