«Փյունիկը» այսօր ստուգողական է հանձնում
Երեւանի «Փյունիկը» չի պատրաստվում նոր ֆուտբոլիստներ փորձարկել կիպրոսյան ուսումնական հավաքի ժամանակ:
«Թիմի առաջին արտասահմանյան հավաքին կմասնակցեն 25 ֆուտբոլիստներ` 4 դարպասապահ եւ 21 խաղացող: Նրանցից միայն երկուսն են դեռ փորձաշրջան անցնում՝ կիսապաշտպաններ Արման Մելքոնյանը եւ Էդգար Հարությունյանը, որոնք Ռուսաստանից են ժամանել» - «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց թիմի նորանշանակ մարզիչ Սուրեն Չախալյանը:
«Ա1+»-ի մարզական լրագրողի հարցին. արդյո՞ք «Փյունիկը» Կիպրոսում նոր ֆուտբոլիստներ է փորձարկելու, երիտասարդ մասնագետը բացասական պատասխան տվեց:
«Ներկայումս «Փյունիկում» մեծ թիվ են կազմում երիտասարդ եւ պատանի ֆուտբոլիստները եւ, կարելի է ասել, մենք նոր թիմ ենք ձեւավորում: Բոլորն էլ մեծ ջանասիրությամբ են մարզվում, բոլորն էլ ձգտում են ամրապնդվել հիմնական կազմում: Կիպրոսում նախատեսված ստուգողական խաղերին կաշխատենք կատարելագործել տարբեր օղակների համագործակցությունը, կփորձարկենք խաղային մի քանի սխեմաներ»,- ասաց Սուրեն Չախալյանը:
Երեւանի «Փյունիկն» իր առաջին ստուգողական խաղը կանցկացնի այսօր: Մեր փոխչեմպիոնը ուժերը կչափի Չինաստանի «Չանչունգ Յաթայի» հետ, որը իր երկրի անցած տարվա առաջնությունում զբաղեցրել էր 7-րդ տեղը: