Մերոնք նվաճեցին 8 մեդալ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում էին 22 ըմբիշներ:
Մրցումների երկրորդ օրը գերազանց հանդես եկավ մեր ազատ ոճային ըմբիշը՝ Հաջիմուրադ Նուրմագամեդովը, որը 96 կգ քաշային կարգում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Մկրտչյանը (60 կգ) եւ Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ) արժանացան բրոնզե մեդալների:
Մրցումների երրորդ օրը մեր մարզիկներն էլ ավելի լավ ելույթ ունեցան: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արամ Ջուլֆալակյանը եւ Հովհաննես Վարդերեսյանը 66 կգ քաշային կարգում հաղթահարելով նախնական արգելքները, մտան եզրափակիչ: Վերջին՝ վճռորոշ մարտում ավելի ուժեղ գտնվեց Արամ Ջուլֆալակյանը:
Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Ռուսլան Բասիեւը գերծանր քաշայինների պայքարում բավարարվեց բրոնզե մեդալով:
Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը ազատ ոճայիններ Գեղամ Բաբախանյանը եւ Միհրան Ջաբուրյանը 55 կգ քաշայինների մեջ գրավել էին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը:
Այդպիսով, Սոֆիայի միջազգային մրցաշարում մեր ըմբիշները ընդհանուր առմամբ նվաճեցին 8 մեդալ` 2 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե: