Երեք տարբերակից երկուսը
Բուլղարիայի եւ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիաներից բացի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարն անցկացնելու ցանկություն է հայտնել նաեւ Անգլիայի շախմատի ֆեդերացիան: ՖԻԴԵ-ն մրցավայրը կորոշի փետրվարի 20-ին:
Այս տարվա հավակնորդների մրցաշարին կմասնակցեն շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակիրները, որոնք են Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին եռյակը` Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Լեւոն Արոնյանը (Հայաստան) եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), ինչպես նաեւ այս տարվա աշխարհի չեմպիոնի կոչման Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) մրցամարտի պարտվողը: Ութերորդ մասնակիցը կհայտավորի հավակնորդների մրցաշարը կազմակերպող երկիրը:
Հիշեցնենք, որ մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նամակ է ուղարկել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ հայտնել, որ չի մասնակցի հավակնորդների մրցաշարին, եթե այն անցկացվի Ադրբեջանում: