Գվարդիոլան վատ զգացումներ ունի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ֆուտբոլի Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության Մադրիդի «Ռեալի» հետ քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, որ վատ զգացումներ ունի:
««Ռեալը» մեր ամենաբարդ մրցակիցն է գավաթի խաղարկությունում: Դա կլինի երկու հավասար թիմերի մրցամարտ, որի ելքը հնարավոր չի լինի գուշակել մինչեւ մրցավարի եզրափակիչ սուլիչը: Ես այնպիսի զգացումներ ունեմ, որ «Ռեալը» անպայման գոլ է խփելու: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Եթե հաղթահարենք այս փուլը, ապա նշանակում է մենք լավ ենք խաղացել» ,- ասել է անվանի մասնագետը:
Անդրադառնալով մադրիդցիների պորտուգալացի պաշտպան Պեպեի մասնակցությանը, որը մեկ շաբաթ առաջ ոչ սպորտային պահվածք էր դրսեւորել բարսելոնացիների հարձակվող Լիոնել Մեսիի նկատմամբ` խաղակոշիկներով կանգնելով նրա ձեռքի վրա, Խոսեպ Գվարդիոլան ասել է.
«Նոու Կամպ» ժամանելու է Մադրիդի «Ռեալը», այլ ոչ թե ինչ-որ մի մարզիչ կամ ֆուտբոլիստ: Մեզ դիտելու է ամբողջ աշխարհը, ուստի պետք է շատ զգույշ լինենք այդ հարցում: Եթե մրցակցի մարզիչը Պեպեին ընդգրկի թիմի կազմում, ապա լավ խաղ կստացվի»։
Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ուենցած առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ էր տարել «Բարսելոնան»: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր կեսգիշերից հետո, Երեւանի ժամանակով 01:00-ին:
Բուքմեյքերների կարծիքով «Ռեալը» երեք անքամ քիչ շանս ունի հաղթելու (4.90 գործակից), քան «Բարսելոնան» (1.65 գործակից):