Մեկնարկեց ՀՀ բռնցքամարտի առաջնությունը
Երեւանի խուլերի մշակույթի տան մարզադահլիճում այսօր մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը:
Այս տարի մրցաշարին մասնակցում են Երեւանի, հանրապետության տարբեր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի 106 մարզիկ-մարզուհի: Տղամարդկանց առաջնությունում մեդալների համար պայքար կմղեն 97 բռնցքամարտիկ, իսկ կանանց առաջնությունում` 9 բռնցքամարտիկուհի:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ մասնակիցների թիվն այս տարի սահմանափված է:
«2012 թվականը օլիմպիական տարի է: Մեր բռնցքամարտիկները մեկ օլիմպիական ուղեգիր ունեն, ուստի մյուսները դեռեւս պետք է պայքարեն այդ իրավունքի համար: Առաջնության արդյունքներով կորոշենք այն բռնցքամարտիկներին, որոնք հավաքականի կազմում կպատրաստվեն Թուրքիայում կայանալիք վարկանիշային մրցաշարին: Մասնակիցների թիվը սահմանափակել ենք, որպեսզի լուրջ մրցակցություն ապահովենք եւ ճիշտ ընտրենք ազգային հավաքականի կազմը» - պարզաբանեց Լյովա Հովհաննիսյանը: